Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Մայր Աթոռից հայտնում են.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։
Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռանագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Այս պահին Մայր Աթոռում, ինչպես և Արարատյան Հայրապետական, Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Ներկայիս արդեն իսկ Մայր Աթոռում և թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ։
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հոգևորականներն իրականացնում են այցելություններ իրենց համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հոգևոր խնամքին և կարիքի գնահատմանը զուգահեռ հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն՝ սնունդով, հագուստով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելով տեղում հաստատված արցախահայությանը։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովելու արցախահայերին։
Նորին Սրբության օրհնությամբ Իզմիրլյան ԲԿ-ն ևս այս ծանր ժամանակներում պատրաստակամություն է դրսևորել անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Արցախահայերի հոսքը տարբեր բնակավայրեր դեռ շարունակվում է։ Կարիքի ամբողջական գնահատումն ավարտելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը հանդես կգա իրականացվող ծրագրերի վերաբերյալ նոր տեղեկություններով»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ.Պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի՝ կանխելու հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը
- Մայր Աթոռ. Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին
- Մայր Աթոռից Ափնա գյուղի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը
- Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան