Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների վրա։
«Մեր պաշտոնյաները, ովքեր մասնակցել են 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հաղորդակցության և լրագրության դպրոցի և Յունուս Էմրեի ինստիտուտի կողմից կազմակերպված թուրքական հանրային դիվանագիտության կոնֆերանսին, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական հարձակումների և ոտնձգությունների արմատականների հայկական խմբեր կողմից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է գերատեսչությունն իր կայքում։
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ԱՄՆ դիվանագիտական անվտանգության ծառայության և Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները «անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել համալսարանում իրադարձությունների սրումը կանխելու համար»։
«Տագնապալի է, որ սփյուռքի արմատական խմբերի կողմից ատելության հրահրումը մեր երկրի և Ադրբեջանի, իսկ վերջերս՝ նաև Հայաստանի կառավարության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության գործընթացի դեմ, վերաճել է բռնության ակտի։ Մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ իրավական միջոցները նրանց նկատմամբ, ովքեր ֆիզիկական հարձակում են գործել մեր պատվիրակության վրա»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ինչպես CNN Türk-ի եթերում ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրադ Մերջանը, մինչ համաժողովը սոցիալական ցանցերում արշավ է ծավալվել՝ միջոցառման կայացումը կանխելու համար։ Մինչ դեսպանի ելույթը սկսվելը, «դահլիճում գտնվող մի հոգի ոտքի կանգնեց ու սկսեց բղավել»։ Երբ դեսպանը սկսեց իր ելույթը, ներկաներից 11 հոգի փորձեցին խանգարել նրան ելույթ ունենալ։ Ոստիկանները մարդկանց դուրս են բերել, սակայն դրսում հավաքվել են նաև ցուցարարներ։ Շենքից վտարվածներից ոմանք կրկին փորձել են ներս ներխուժել։
Հարակից հրապարակումներ`
- Անկարայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, կա զոհ
- Իրանցի փորձագետ. Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են
- Անկարայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչի մի մասն ընկել է ավտոկայանատեղի վրա