Ծանր վիշտ ենք ապրում ամենքս... Ծանրագույն են կորուստները, որոնք, սակայն, վերականգնելի են. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի Գանձատնից դուրս են բերվել սրբոց մասունքները, որոնք վաղը՝ որպես ԼՈՒՍՈ ԽՈՐԱՆ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ճառագայթներ, պետք է սփռվեն Հայոց աշխարհում: Պետք է ճառագայթեն և իրենցից բաշխվող աստվածային զորությամբ լուսավորն ու սրբագործեն ի Հայաստան բնակվող հայության միտքը, սիրտն ու հոգին:
Ծանր վիշտ ենք ապրում ամենքս... Ծանրագույն են կորուստները, որոնք, սակայն, վերականգնելի են: Այո, երիցս, այո:
Կանգնած աստվածակառույց Սուրբ Էջմիածնի լուսեղեն Տաճարի առջև՝ հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. տիրելու ենք ոչ թե սոսկական հողին, այլ՝ աճելով բազմացած Հայոց ազգն է վերահաստատվելու իր բնիկ Հայրենիքում: Մեր բոլոր թշնամիք անպայմանորեն խորտակվելու են. այլ կերպ հնարավոր չէ: Աստված մեզ հետ է, հարկ է, որ մենք էլ լինեն մեր Ամենազոր Աստծո հետ:
Հայոց Հայրապետի մասնավոր հոգածությամբ դուրս բերված սրբոց մասունքները՝ որպես կենդանի սուրբեր մեզ համար բարեխոսներ են: Վաղը նրանք էլ մեզ հետ բախելու են Երկնքի դռները և մեր սրտագին աղոթքները մատուցելու են մեր Արարիչ Աստծուն:
Սիրելիներ,
Վաղը մեր հավատքի, մեր հոգևոր արթնության, արիության և զորության մի կարևոր վկայության օր է: Իմ խնդրանքն է, հորդորը, որ գտնենք ժամանակ և ուխտի ելնենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այստեղ՝ Բաց Խորանում, Սբ Տրդատ Մեծ արքայի խորանում մատուցվելու է Սուրբ Պատարագ և աստվածամուխ Սբ Գեղարդով կատարվելու է օրհնության կարգ:
Որքա՜ն խորհրդանշական է, որ Տիրոջ առաջ ներկայանալու ենք՝ Սբ Տրդատ Մեծ արքայի
խորանի առջև կանգնելով:
Սբ Տրդատ Մեծ արքան և Սբ Գրիգոր Լուսավորիչ Մեծ հայրապետն ընդմիշտ բարեխոս են իրենց կերտած ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՔԻ համար:
Եկեք, սիրելի հայեր, եկեք և ծովացրեք ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ, որպեսզի նորեն լծվենք հայրենաշինության սուրբ գործին և ի լուր այս մութ աշխարհի ցոլացնենք մեր Սուրբ Հավատքի լույսը և մեր հզոր բազկի ուժը:
Թող Ամենակալ Աստված մեզ լինի ապավեն և մարտակից:
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՎԱԾ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԳՐԿԱԲԱՑ Է, ՆԱ ՁԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ»։