Փաշինյանի քաղաքականության պատճառով արդեն կորցրել ենք Արցախը, իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Ղուկասյան
«Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հերթական անգամ ակտիվացած՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Ներկայիս ընդդիմությունը մեղադրում է Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ, իսկ Հայաստանի իշխանությունը բոլոր սլաքներն ուղղում է դեպի Մոսկվա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը դադարեցվել է բացառապես հիմնական միջնորդի դեր ստանձնած ՌԴ ջանքերի շնորհիվ։
«Թվում էր, թե իրավիճակը, չնայած որոշակի դժվարություններին, գնում է դեպի կայունացում, բայց Հայաստանի կառավարության անհեռատես քաղաքականությունը հիմք դարձավ Արցախի և ՀՀ ներկայիս անախորժ իրավիճակի համար»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն սկսեց ձգվել դեպի արևմտյան հարթակներ՝ հակամարտությունը կարգավորելու համար։
«Փաշինյանը և իր թիմը գնացին մի ճանապարհով, որը ակնհայտորեն չէր բխում ՀՀ և ԼՂ շահերից՝ ընտրելով հակամարտության լուծման արևմտյան տարբերակը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Եվ այս քայլով Փաշինյանը ոչ միայն չեզոքացրեց նոյեմբերի 9-ի Եռակողմ պայմանագիրը, այլև զգալիորեն թուլացրեց հայկական կողմի դիրքերը հակամարտության կարգավորման գործընթացում՝ Ռուսաստանին թողնելով առանց հնարավորության ինչ-որ կերպ աջակցելու ԼՂ հայերին իրենց պայքարում։ Փաստացի, Փաշինյանը ԼՂ բնակչության պայքարի նշաձողը կարգավիճակից իջեցրեց մինչև ԼՂ բնակչության անվտանգության մակարդակին»,- ասաց նա։
Ա.Ղուկասյանի խոսքով, Փաշինյանն ու իր կառավարությունը պատրաստվում են վավերացնել այսպես կոչված Հռոմի ստատուտը, որը ենթադրում է ՌԴ նախագահի ձերբակալություն, անցկացվում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, բայց միևնույն ժամանակ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից։
«Հռոմի ստատուտի վավերացումը մեզ ոչինչ չի տա, միայն հայ-ռուսական հարաբերությունների խզում. դա վտանգավոր արկածախնդրություն է: Ավելին, սա ոչինչ չի տա Ադրբեջանի մասով, քանի որ իշխանությունը ներկայացնում է, թե դա, իբր, պատժի գործիք է։ Եվ դա մեզ միայն կկանգնեցնի նոր մարտահրավերների առջև՝ նոր խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի հետ։ Այս արկածախնդիր քաղաքականությունը տանում է դեպի աղետ։
Հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար գործիք է անձնական իշխանությունը պահելու համար, իսկ այդ ընթացքում տուժում են հայկական շահերը: Այս քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք Արցախը, իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև»,- նշեց Ղուկասյանը։
Ըստ նրա, իրադարձությունների հետագա զարգացումները կախված են այն քաղաքականությունից, որը վարելու են ՀՀ իշխանությունները, սակայն ընտրված ուղղությունը ակնհայտորեն չի տանում այնտեղ, որտեղ կան հայկական շահեր։
Ինչ վերաբերում է հասարակության շրջանում անընդհատ քննարկվող ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալու հեռանկարին, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ից կամ անվտանգության այլ համակարգերից հստակ առաջարկներ չի ստացել. «ՀԱՊԿ-ը գուցե ամենաիդեալական կազմակերպությունը չէ, բայց եթե Երևանը գնա նման անհեռատես քայլի, ապա Հայաստանը կմնա օդում առանց անվտանգության նոր համակարգ ձեռք բերելու, ինչը պարզապես աղետ է մեր երկրի համար, հատկապես նման տարածաշրջանում»։