«Ժողովուրդ». Աննա Վարդապատեյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչո՞վ է զբաղված ՀՀ գլխավոր դատախազությունը, երբ Ադրբեջանը ահաբեկչություն իրականացնելու «հանցակազմով» ձերբակալում կամ կալանավորում է Արցախի հերոսամարտի գեներալների: Սեպտեմբերի 27-ին Արցախը լքելու ճանապարհին Ադրբեջանը կալանավորեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։
Երեկ Ադրբեջանի ԱԱԾ-ն հրապարակեց, թե ինչպես են ձերբակալել ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, որը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է Ռուբեն Վարդանյանի հետ նույն մեքենայում։ Ձերբակալված է նաև Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
Նկատենք, որ 2 տարի առաջ Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ այն ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում էր սպասվող վտանգի մասին. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի քանի հարյուր հայրենակիցների նկատմամբ (խոսվում է մոտ 380 մարդու մասին): Ցուցակում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը և այլք: Փոխարենը, մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ»։
Ավելին՝ Թագուհի Թովմասյանը բազմիցս նախկին դատախազին հարցադրումներ է արել, թե ՀՀ գլխավոր դատախազության կողմից ինչու որևէ քայլ չի նախատեսվել Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով. «Ի վերջո, դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել տարբեր հանցագործություններ, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք կոնվենցիաներով ու օրենքներով։ Հիմա մեր ձեռքերն ազատ են հետախուզելու և դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց իրավունքից։
Մենք պարտվել ենք պատերազմում, բայց դա չի նշանակում, որ իրավական հակակշիռներ չպետք է ստեղծել»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր պատգամավորն ու դատախազությանը սթափվելու կոչ արել։
Արդյունքում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լուռ հետևեց ու որևէ քայլ չիրականացրեց: Ներկայիս դատախազ Աննա Վարդապետյանը ևս որևէ քայլ չի իրականացնում ու հանդիսատեսի նման հետևում է, թե ինչպես են վարվում մեր ազգային հերոսների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ինչով է զբաղված դատախազությունը, արդյոք որևէ հակակշիռ քայլ արել է Ադրբեջանի գեներալիտետի, քաղաքական ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Արդյոք Աննա Վարդապետյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց և դժվարություններ ստեղծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց ազատությունից։
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր։ Կանենք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան