Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեր նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, քանի որ մենք սխալվեցինք։ Սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային ու կազմակերպական ուժը, բայց մի շատ դրական կատարվեց․ շատ ուսանողներ միայն խոսքով, վրդովված այն ամենից, ինչ լինում է, դուրս էին գալիս»,- Հանրապետության հրապարակում Ազգային կոմիտեի հանրահավաքին ասաց կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ կոմիտեն այսպես միայն 5 հոգով աշխատել չի կարող, ուզում են ընդլայնել այն։
«Ես անձամբ դիմեցի մի քանի շատ արժեքավոր մարդկանց՝ հրավիրելով դառնալ կոմիտեի անդամ, նրանք դեռ պատասխան չեն տվել», - ասաց Մանուկյանը։
Հավաքվածները պահանջեցին հնչեցնել անուններ, բայց Մանուկյանը չասաց՝ նշելով, որ այդ մարդիկ հարգված մարդիկ են մնալու անկախ նրանից՝ դրական պատասխան կտան թե ոչ։
Մանուկյանը հայտարարեց, որ պետք է զուգահեռ տանեն երկու պրոցես՝ կոնսոլիդացիա, դրա համար ինքը վաղվանից կնստի գրասենյակում, կընդունի քաղաքական գործիչների, կազմակերպությունների, իսկ տարբեր խմբեր, ոչ միայն կոմիետի անդամ կուսակցությունների, բողոքի ցույցեր, երթեր անցկացնեն։
«Մի մասը մենք կկազմակերպենք, մի մասը դուք կազմակերպեք, ովքեր ընդունում են կոմիտեն, կամ չեն ընդունում, քանի որ սա կոմիտեի համար չէ, այլ հայրենիք համար է»,- ասաց նա։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանը գնալու է Ալիևի հետ հանդիպման. «Օդանավակայանը վերցնենք, որպեսզի չկարողանա գնալ։ Ոգևորիչ միտք է, բայց չեմ տեսնում, որ ժողովուրդը՝ ջարդված, արցախցիներին տեղավորող, չկոնսոլիդացված, կարողանա դա անել։
Բայց ցույց տանք, որ դրան դեմ ենք։ Կոմիտեն մոնոպոլիա չունի, կոմիտեն օգնում է ժողովրդին կազմակերպվելու՝ առանց հավակնություններ ունենալու։
Հանրահավաքները գործիքներից մեկն է, կարող է տաս օր լինի, կարող է մի քանի օր չլինել, դա չի նշանակում, որ մարում է։
Մինչև հոկտեմբերի 5-ը պետք է քաղաքը ցույց տա, որ ոչ թե կոմիտեն է դեմ իր պայմանագրին, այլ բոլոր հայերն են դեմ։ Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։
Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան