Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից մեկի՝ Երևանի Այգեստան 12-րդ փողոցի 4-րդ բնակելի տան վերափոխման մասին։
«Շատ ափսոս, որ աշխարհին ասելիք չունենք ու արժանապատվությունը էս աստիճանի կորցրել ենք,,,, ,,,,,,Առաջին հայացքից կարող է թվալ, թե Արցախի հարցի հետ կապ չունեցող թեմա է,,,,բայց մինչ լուրեր են պտտվում, այն մասին, որ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի նշանավոր կոթողը ադրբեջանցիները ուզում են վերացնել, մենք Երևանում վերացնում ենք հերթական կոթողը, որը ցավոք սրտի այդպես էլ ուշադրության չարժանացավ և հուշարձանների ցանկի մեջ չմտավ միայն այն պատճառով, որ 50 տարին լրացած չէր,,,,մի քանի տարի առաջ հուշարձանների վարչությանն առաջարկել էի, որ էդքան կարծրացած չաշխատեն, քանի որ կան 70 տարվա էշություններ ու 20 տարվա գլուխգործոցներ,,,,,,ինչևէ,,,,հերթը հասավ 20-21-րդ դարերի ամենաշնորհաշատ ճարտարապետներից մեկի՝ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած այս կառույցին, որն, իբրև մենատան կերպարային պրպտում, հայկական ժամանակակից ճարտարապետության և հեղինակային ձեռագրի բացառիկ օրինակներից է ,,,, մենատունը գտնվում է Ռադիոտան մոտակայքում, մասշտաբով միջավայրի մեջ է, ճարտարապետությամբ շատ յուրահատուկ ու հայեցի,,,,,այս ամենից բան չհասկացող սեփականատերը հիմա որոշել է տունը վերափոխել կից նկարում պաստառի վրա երևացող եվրոպական ժուռնալներից ծամծմված մի անարժեք տարբերակի ու անգրագետ չինովնիկների կողմից հավանություն է տրվել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Ստեփանյանը։
Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանն արձագանքել է. «Պետք է պայքարել, անթույլատրելի բան է»։
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրել է. «Մասնագիտական դաշտում ակտիվ և «արդյունավետ» աշխատում են մարդիկ, ով պատկերացում չունի ինչ բան ա արժեք, ով ա Ջուլհակյանը, ինչ կարելի է, ինչ չէ։ Ոչ մի ցուցակ էս հարցը չի լուծի»։
Այնուհետև նա ավելացրել է. «Զրուցել եմ սեփականատիրոջ ներկայացուցչի հետ, մարդիկ շատ ադեկվատ մոտեցան, այս պահին աշխատանքները դադարեցված են, մինչև որոշում կայացվի նախագիծը փոխելու մասին։ Մենք միշտ մեղքը բարդում ենք սեփականատերերի վրա, բայց իրենք իրավունք ունեն տեղյակ չլինել, իրականում հիմնական մեղքը նախագծող մասնագետների և որոշում կայացնող պետական կառույցներինն է»։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր Ռոմեո Ջուլհակյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի ընդունելությունների տուն, Դավթաշենի կամուրջը, Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանները, Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք և բացօթյա խորան (Ջիմ Թորոսյանի հետ համատեղ) և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան