Իմ այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին․ Հեկտոր Հաջջար
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, որի արդյունքում հայաթափվեց Արցախը։ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ ընդգծեց, որ բռնի տեղահանված արցախահայությունը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։ Ստեղծված այս իրավիճակում Հայոց Հայրապետը հատկապես կարևորեց տեղահանված հայորդիների կեցության, կրթական խնդիրների, աշխատանքի ապահովման առաջնահերթությունները։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների, ցավի ու նեղությունների մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի մասին, կարևորել է հետևողական ջանքերի ներդրումը դրանց պահպանման գործում։
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և Հայաստանին մշտապես աջակցելու համար։
Իր հերթին նախարար Հեկտոր Հաջջարը ընդգծել է, որ Լիբանանը ևս անցել է նմանատիպ մարտահրավերների միջով և պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Պարոն Հաջջարը տեղեկացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին և հնարավորինս աջակցելու դրանց հաղթահարմանը