Բուլղարիայում ռուսական մեքենաների մուտքի արգելք է սահմանվել
Բուլղարիայի տարածք ռուսական մեքենաների մուտքի արգելքը կսկսի գործել այսօրվանից։ Այս մասին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է սահմանապահ ոստիկանության տնօրեն, գլխավոր հանձնակատար Անտոն Զլատանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական մեքենաների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրահանգը բավականին լայնորեն մեկնաբանվում է, շատ պետություններ միանգամից սահմանափակումներ են մտցրել դրանց մուտքի վրա, մյուսները դեռ քննարկում են: Մենք հինգշաբթի օրվանից ակտիվորեն աշխատում ենք մաքսային գործընկերների հետ, քանի որ այս հարցի վերաբերյալ աշխատանքի հիմնական մասը հենց նրանց վրա է, նրանք զբաղվում են ապրանքներով, իսկ մարդատար ավտոմեքենաները սահմանվում են հենց որպես ապրանքներ, որոնց ներմուծումը ԵՄ տարածք արգելված է։
Ես վստահ եմ, որ օրվա վերջում մեքենաների մուտքի արգելքը կսկսի գործել երկրի տարածքում, իսկ բեռնատարների համար այդ արգելքը գործում է արդեն մի քանի ամիս», - նշել է նա։
Զլատանովը չի ասել ռուսական գրանցումով քանի մեքենա է մուտք գործել երկիր վերջին ամիսներին, սակայն նշել է, որ խոսքը քիչ թվով մեքենաների մասին է։
Ռուսական մեքենաների մուտքի արգելքն արդեն գործում է Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Լեհաստանում և Ֆինլանդիայում, իսկ հոկտեմբերի 3-ից այն կգործի Նորվեգիայում։