Սիրիան Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի տարածքից
Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա. Թուրքիան պետք է դուրս բերի իր զորակազմը, հակառակ դեպքում երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբբահը։
Նրա խոսքով՝ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, որոնք կոչ են անում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, ըստ փոխարտգործնախարարի, նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում, որի մաս է կազմում Թուրքիան։
«Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք, իհարկե, պատրաստ ենք նրանց հետ քննարկել ցանկացած այլ ասպեկտ, սակայն նրանք չպետք է պնդեն, որ զորքերը մնան: Դա ապօրինի օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ ցանկացած տեսակի շփումներ և հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ»,- ասել է Ալ-Սաբբահը Նյու Յորքում ավարտված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում: