Խնկո Ապոր անվան գրադարանում կմեկնարկի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում՝ հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը: Այս մասին տեղեկացնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից։
«Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:
ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար իրականացվող նախադեպը չունեցող վերապատրաստման այս դասընթացը միտված է ոլորտի մասնագետների նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացմանն ու շարունակական կրթության ապահովմանը:
Հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին դասընթացի շրջանակում կներկայացնի ժամանակակից գրական տարածքների, գրադարանային համակարգերի, ոլորտի մասնագետների, երեխաների հետ աշխատանքի և համագործակցության 21-րդ դարի արդի միտումները, մարտահրավերներն ու գործիքակազմը: Մասնավորապես կներկայացվեն կարևորագույն մի շարք թեմաներ.
- Ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում
- Ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության
- Ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս համակարգում
- Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը
- Ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ
- Դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ
Տեղեկացնենք, որ Զոհրե Ղայենին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ: Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետն իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին:
Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:
«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն անցկացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան