ԱՄՆ-ն չի վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե ի հայտ գան ԼՂ-ում էթնիկ զտումները վկայող ապացույցներ․ Մեթյու Միլլեր
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությանը և շրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին:
«Կապի մեջ ենք տեղում [գործող] մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Անդրադառնալով թվերին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել մոտ 100 հազար հայ՝ Միլլերը շարունակել է՝ հստակ չէ, թե նրանցից քանի տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում և որքան մարդ կցանկանա վերադառնալ Ղարաբաղ, եթե պայմանները թույլ տան, և տեղահանվածներին ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:
«Ուստի, կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը թափանցիկություն կապահովի և վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն, մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել։ Կարծում ենք, այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի»,- ընդգծել է խոսնակը:
Մեթյու Միլլերը ողջունել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ երկարաժամկետ առաքելության հարցի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ընգծել է, որ առկա է հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների [սեղանի շուրջ]՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- եզրափակել է Մեթյու Միլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին