
Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի3-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի ստատուտը։
«Ես վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի ոչնչացնել ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը», - նշել է Վորոբյովը:
Միաժամանակ նա ասել է, որ այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Հայ խորհրդարանականների որոշումը քայքայում է այն կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում», - եզրափակել է խորհրդարանականը: