Դիտորդ Մարմին. Ներողություն ենք հայցում 24news.am կայքի խմբագրությունից
Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ Մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը տարածել են հայտարարության հերքում, որտեղ ասված է.
«Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի (ԴՄ) և Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) «Խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին» համատեղ հայտարարության տեքստում մեծ հավանականությամբ տեղ է գտել թյուրիմացություն։
Տեքստում մեջբերված՝ ենթադրաբար 24news.am կայքից օրինակները, մասնավորապես տեսանյութի վերնագրերը, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հիմք են դարձել ԴՄ և ՏՎԽ հայտարարության համար, ըստ երևույթին, օգտատերերի անբարեխղճության, հնարավոր է նաև՝ լրատվամիջոցին միտումնավոր վնաս հասցնելու արդյունք են։
Ընդունելով իր պատասխանատվությունը հնարավոր սխալը թույլ տալու հարցում, Դիտորդ
մարմինը շարունակում է ճշտել խնդրի հետ կապված բոլոր հանգամանքները և լրացուցիչ
պարզաբանումներ կներկայացնի։ Մինչ այդ խնդրում ենք չեղյալ համարել այսօր մի քանի ժամ
առաջ ձեզ ուղարկված հայտարարության տեքստը և հնարավորության դեպքում բացառել դրա
հետագա տարածումը։ Իրողությունները պարզելուց անմիջապես հետո Լրատվամիջոցների
էթիկայի դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը հանդես կգան նոր
հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, մեր նախնական ուսումնասիրությունները հիմք են տալիս եզրակացնելու,
որ խնդրո առարկա վերնագրերը դրվել են կամայականորեն, այլ անձինք դրանք համադրել են
24news․am-ի տեսանյութերի հետ, սակայն պահպանել են 24news․am-ի լոգոն։
Ներողություն ենք հայցում 24news.am կայքի խմբագրությունից՝ նշված մանիպուլյատիվ հնարքի
հնարավորությունը հաշվի չառնելու համար։
Այս նախադեպը մեկ անգամ ևս վկայում է, որ լարված ներքաղաքական մթնոլորտում կրկին ու
կրկին պետք է ստուգել և վերստուգել լրատվության աղբյուրները և րոպե առաջ ընդունել
սեփական սխալները»։