«Փաստ». Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն դուք եք՝ ձեր շեֆի գլխավորությամբ
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամներից մեկը՝ ԱԺ նախագահը, օրերս ասել է թե՝ մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր: Չէ, լո՞ւրջ... Ուրեմն, այս մարդիկ՝ իրենց շեֆի գլխավորությամբ, պատերազմից հետո իրենց մեղքը ամենօրյա ռեժիմով փորձեցին գցել բոլորի «գրպանը»՝ էլ զինվորականներ, էլ Ռուսաստան, էլ ում ասես: Դե, «նախկինների» մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Նպատակն էլ էր հասկանալի՝ ամեն ինչ անել մեղքը Նիկոլից հեռացնելու համար: Ավելին, Արցախի հայաթափման մեղքը փորձեցին բարդել ընդամենը տասն օրվա իշխանությունների վրա: Ասել, որ մանիպուլ յացիոն այս արշավն ընդհանրապես արդյունք չտվեց, սխալ կլինի:
Ցավոք, մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտությամբ կուլ են տալիս խայծը: Բայց գլոբալ առումով կեղծիքն այնպիսի ազդեցություն չունեցավ, ինչպես կուզեին Նիկոլն ու քպականները: Արդյունքում հիմա փորձում են այլ թեզ առաջ քաշել. թե բա՝ բոլորս ենք մեղավոր: Ինչո՞ւմ ենք մեղավոր բոլորս. մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից»՝ զրոյացնելով 28 տարվա բանակցային կապիտալը, մե՞նք ենք Վերածննդի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», մե՞նք ենք հազարավոր հայորդիների կոտորել, մե՞նք ենք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ լեգիտիմացնելով ահաբեկչական երկրի հանցագործ քայլերը Արցախի ու արցախցիների նկատմամբ... Շարքը երկար է...
Չէ, տղաներ ու աղջիկներ, ինչպես ասում են՝ չկպավ: Ինչ էլ անեք, այս ամենի, եղած ու մոտեցող աղետների՝ եթե նույնիսկ չասենք միակ, ապա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն դուք եք՝ ձեր շեֆի գլխավորությամբ: Անվանական: Անվերապահ: Անքննելի: Հա, իսկ եթե մենք բոլորս ինչ-որ մեղավորություն էլ ունենք, ապա միայն այն հարցում, որ դուք շարունակում եք ձեր կործանարար, աղետաբեր, կորստաբեր պաշտոնավարումը...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում