2020 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ ԿԲ-ն սկսեց էժանացնել դրամը
Վերջին մի քանի օրվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 390-ից հասավ 490-ի: Ֆինանսական շոկայի այդ երևույթին նպաստող գործոնները, ռելոկանտների դերը և տնտեսության վրա նրա հնարավոր ազդեցությունները պարզելու համար Panorama.am-ը դիմեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին:
Panorama.am-Ըստ Ձեզ, ի՞նչ գործոնների հետևանք է դրամի նման կտրուկ արժեզրկումը:
Ա.Քթոյան-Դրամի նման արագ արժեզրկման համար հիմնարար տնտեսական նախադրյալներ չկան, ավելի շատ սկզբնական օրերին բնակչության կողմից ապահովագրմանը միտված որոշակի գործընթացներ էին, որը սովորաբար լինում է մոտ ապագայի վերաբերյալ հնարավոր անկայունությունների, կամ տնտեսական խնդիրների սպասումների դեպքում: Այնուհետև, այդ գործընթացը խորանալով՝ բերեց, չեմ ասի խուճապային, բայց՝ դրան մոտ իրավիճակի, ինչը մենք այսօր տեսնում ենք արտարժույթի շուկայում: Ըստ էության, դրամի արժեզրկումն սուբյեկտիվ բնույթ ունի և պայմանավորված է նրանով, որ մարդիկ արտարժույթի շատ ավելի մեծ պահանջարկ են ներկայացնում քան առաջարկն է, իսկ այդ պահանջարկը ապագայի մասով տնտեսական խնդիրենրի սպապսումներն են ձևավորում:
Panorama.am-Չնայած ԿԲ-ն միշտ հայտարարում է, որ Հայաստանում արտարժույթի լողացող կուրս է և չի միջամտում շուկայի գործընթացներին, բայց չե՞ք գտնում, որ նման կտրուկ տատանման դեպքում պետք է միջամտեր, ինչի մասին արդեն այսօր հայտարարել է:
Ա. Քթոյան-Պետության մասով ասեմ, որ ԿԲ-ն իր քաղաքականությունն իրականացնում է գների կայունացման նպատակադրումից ելնելով, և փոխարժեքը ածանցյալ բնութագրիչ է, բայց հաշվի առնելով, որ այն կարող է ֆինանսական կայունության վրա ազդեցություն ունենալ, բնական է, որ որոշակի ժամանակահատվածով ԿԲ-ն կմիջամտի: Այսօր ունենք արտարժույթի բավարար ծավալով պահուստներ, որոնք թույլ կտան որոշակիորեն զսպել այս աժիոտաժային պրոցեսները: Պետք է նաև նկատի ունենալ, որ այն, ինչ տեղի է ունենում ոչ աննախադեպ իրողություն է: Նմանատիպ իրողություն մենք ունեցանք հակառակ ուղղվածությամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկին, երբ մեծ քանակությամբ արտարժույթ էր գալիս Հանրապետություն և դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը 2022թ. մարտի 480-85-ից շատ արագ նվազեց 440 դրամի, հետո՝ 409 դրամի, կրկին երեք ամսվա ընթացքում մենք ունեցել ենք մոտ 80 դրամով նվազում: Այսինքն, այդ պրոցեսը եղել է մեր մոտ և էլի շուկայում ունեինք արտարժույթի առաջարկի ավելացում, իսկ այսօր ունենք պահանջարկի ավելացում:
Եթե կրկին վերադառնամ միջամտությանը, ապա, այո այդ միջամտությունը ինչ-որ մի պահի անհրաժեշտություն է, եթե գործընթացներն ինքնաշխատ ձևով չեն կայունանում: Նման միջամտությունը ազդակ կհանդիսանա՝ հանրությանը ցույց տալու, որ իրականում գործընթացներն ավելի շատ հոգեբանական բնույթ ունեն, խորքային, տնտեսական երևույթներով պայմանավորված չեն և կա գործիք այդ ամենը ցանկաած պահի զսպելու հմար: Այդ ազդակը հանրությանը պետք էր հաղորդել:
Panorama.am-Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարվա տնտեսական ակտիվության աննախադեպ աճը և, դուք էլ ասացիք, դրամի արժևորումը, պայմանավորված էին ռուս ռելոկանտներով և Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսով: Մյուս կողմից էլ Հայաստանի նման փոքր տնտեսությունների վրա հսկայական ազդեցություն ունեն քաղաքական գործոնները: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսը և ռելոկանտներն են արձագանքում հայ-ռուսական հարաբերությունների վերջին սրացումներին՝ իրենց բիզնեսն Հայաստանից հանելու համար արտարժույթի պահանջարկ առաջացնելով, կամ ռելոկանտների՝ Հայաստանից դուրս գալու հետևանքով տրասֆերտների կրճատմամբ:
Ա.Քթոյան-Չէի ասի, որովհետև, ըստ էության, ռելոկանտներն իրենց քաղաքական ուղղվածությամբ, իրենց գաղափարով, աշխարհայացքով, կամ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշմամբ ընդհանուր առմամբ տեղավորվում են այն քաղաքական ծիրի մեջ, որն այսօր կատարվում է Հայաստանում: Հակառակը՝ նրանք կարող են համարել, որ տեղի է ունենում իրենց կողմնորոշվածությանը համահունչ ինչ-որ պրոցես: Բացի այդ, ռելոկանտների ազդեցությունն մեր տնտեսությունում այնքան մեծ չէ, որ այդ չափով զգալի ազդեցություն թողնի: Մյուս պահն էլ կա, եթե մենք դիտարկում ենք տրասֆերտների ծավալն, ապա վեջին ամիսներին Ռուսաստանից Հայաստան զուտ ներհոսքը էլի շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա:
Այստեղ կարող է ուրիշ պահ լինել: Ռելոկանտները որոշ ազդեցություն կարող են ունենալ, երբ Ռուսաստանում տեղի է ունենում ռուբլու որոշակի արժեզրկում և, ճիշտ է, ոչ այն չափով ինչ Հայաստանում է՝ մոտ 5% է վերջին օրերին, բայց չի բացառվում, որ այնտեղի պրոցեսները տեսնելով ռելոկանտները այստեղ փորձեն արտարժույթի շուկայում հավելյալ պահանջարկ ներկայացնեն՝ իրենց ակտիվներն արտարժույթի փոխելու համար, բայց այն մեր պրոցեսների վրա թեթև ազդեցություն կարող է ունենալ՝ ոչ էական, ոչ նշանակալի:
Panorama.am-Դրամի արժեզրկումը միայն բացասակա՞ն ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Ա. Քթոյան-Մենք պետք է առաջնորդվենք այն իրողությամբ, թե փոխարժեքի այն տեղաշարժը, որը տեղի է ուեննում հիմա, արդյոք հակասում է Հայաստանի տնտեսությանը կամ տնտեսվարողների շահերին: Մենք երկար ժամանակ խոսում էինք, որ դրամն արժևորվում է, ասենք՝ 480 դրամից դարձել էր 380 դրամ և դրանից արտահանողները, մասնավորապես ՏՏ ոլորտը վնասներ են կրում: Հիմա եթե արձանագրենք, որ հակառակ պրոցեսն է տեղի մունենում, ճիշտ է՝ շոկային կամ աժիոտաժային ձևով, այնուհանդերձ, այդ գործընթացն իր մի հատվածով կարող է տնտեսության վրա որոշակի խթանող ազդեցություն ունենալ, եթե երկարաժամկետ հարտվածում պահպանվի: Չնայած, չեմ կարծում, որ այն պահպանվի:
Այստեղ այլ գործոն էլ կա՝ պետք է նկատի ունենանք, որ 2020 թվականի սեպտեմբերից հետո տևական դադարից հետո առաջին անգամ կարելի է ասել, որ վերջին ամիսների ընթացքում ԿԲ-ն սկսեց էժանացնել դրամը: Այն նշանակում էր, որ այլ արժույթների համադրությամբ ևս էժանանալու էր, նույնը՝ դոլարի նկատմամբ: Հետևաբար՝ այստեղ տարբեր գործոններ կան, որոնք որոշակի պատկեր ստեղծեցին շուկայում և դրան գումարվեցին նաև քաղաքական, այլ բնույթի անորոշություններով պայմանավորված հարցերը և որոշակի աժիոտաժ առաջացավ: Վերջինս շատ արագ կարող է չեզոքացվել, բայց չեմ բացառում, որ փոխարժեքը մնա 400-ից բարձր մակարդակի վրա:
Panorama.am-Տնտեսական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս երևույթի մասին:
Ա.Քթոյան-Պետք է արձանագրել, որ միտումն արտացոլում է արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի տատանումները: Օրինակ, եթե նայենք վերջին օրերի թվերին, ապա կտեսնենք, որ 50%-ով պահանջարկի ավելացում կա նախորդ ժամանակահատվածների համեմատությամբ: Եթե միջին մակարդակների հետ համեմատենք՝ առնվազն 50%, բայց այնտեղ մինչև երկու անգամ ավել պահանջարկ էլ է եղել, տարբեր օրերին, որն աժիոտաժային, շոկային գործընթացների դրսևորում է հանդիսանում:
Ասեմ, որ մենք այս ցուցանիշն շատ ավելի ենք կարևորում, քան արժի: Այսինքն՝ մենք կամայական տատանման մեջ խնդիր ենք տեսնում, իրականում նույն արտահանման մասով կարող է դրական ազդեցություն ունենալ:
Զրուցեց Ա.Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
- Երբ Հայաստանում անվտանգային խնդիրը սրվում է՝ դրամի փոխարժեքը կտրուկ բարձրանում է.Սուրեն Պարսյան
- Դրամը սրընթաց արժեզրկվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան