Եվրախորհրդարանը հինգշաբթի ԵՄ-ին կոչ կանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները հինգշաբթի օրը Ստրասբուրգում լիագումար նիստում մտադիր են բանաձև ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների պատճառով, ինչպես նաև կասեցնել նրա հետ համագործակցության զարգացումը, նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի նախագծում։
Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների բզմաթիվ խախտումների համար»,-ասվում է բանաձևում։
Պատգամավորները նաև ծրագրում են կոչ անել «ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ցուցաբերել»: Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառման կասեցման և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։
Եվրախորհրդարանը նաև մտադիր է ԵՄ-ին կոչ անել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանից գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում՝ «ամբողջովին դադարեցնել նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։
Պատգամավորները նաև կոչ կանեն ԵՄ-ին «աշխատել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովելու, ինչպես նաև տարածաշրջան հումանիտար ամբողջական մուտքը վերականգնելու ուղղությամբ» և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։
Նրանք նաև նախատեսում են «հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի առաջին առաքելության կազմակերպման կապակցությամբ, որն այցելել է Ղարաբաղ և կոչ անել «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։
Պատգամավորները փաստաթղթում քննադատել են նաև Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բացասական զարգացման մասին» Եվրախորհրդարանի նախազգուշացումները անտեսելու, ինչպես նաև այն փաստի համար, որ «նրանց. գործողությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել»։ Եվրախորհրդարանը նաև նախատեսում է կոչ անել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ նա կրում է ամբողջական պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, հորդորում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, միջազգային իրավունքի սկզբունքներն ու մարդու իրավունքները ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների,... Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,-ասված է բանաձևի նախագծում։ Պատգամավորները նաև կոչ կանեն Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից ձերբակալված բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգ. Ստատուտի վավերացման դիմաց հնարավոր է՝ տնտեսական չհայտարարված պատժամիջոցներ կիրառվեն
- Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
- 100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան