«Հրապարակ». ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպեսև սպասվում էր, Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները», իսկ երեկ, կարելի է ասել, հերթական հուժկու քայլն արվեց՝ վավերացվեց Հռոմի ստատուտը, որի վավերացման նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դա դիտարկելու են որպես իրենց նկատմամբ ծայրահեղ թշնամական քայլ:
Ռուսաստանի մեր հայրենակիցներից մեկը երեկ պատմեց, որ ՌԴ-ում ապրող հայերը, որոնք զբաղվում են բիզնեսով, խիստ անհանգստացած են այս զարգացումներից: Ստատուտի վավերացման օրն արդեն հարկայինը ռեյդեր է սկսել հայերին պատկանող որոշ կազմակերպություններում:
Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ և ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտևի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում:
Այս պահի դրությամբ, ըստ ՌԴ մեր աղբյուրների, Ռուսաստանում առնվազն 30 հազար հայ կա, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն` հաշվառված չեն, ապրելու և աշխատելու իրավունք չունեն, բայց ՌԴ իշխանությունների լուռ համաձայնությամբ թույլատրված էր, որ նրանք ապրեն և աշխատեն Ռուսաստանում, և առաջին վտարվողները լինելու են նրանք:
Ընդ որում, դեպորտներն ուղեկցվելու են բերման ենթարկելով, մեկուսարաններում պահելով և առանց հետ վերադառնալու իրավունքի վտարմամբ: Ապա կսկսեն տարբեր հիմնարկներից ազատել հայազգի աշխատակիցներին, նույնիսկ՝ եթե նրանք ՌԴ քաղաքացիներ լինեն: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան ևս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում