«Ժողովուրդ». Նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի՞ հավանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաև Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն այդ շքեղ հյուրանոցը գնել էր պայմանավորվածությամբ, որ տարեկան 1 միլիարդ պետք է վճարեր պետությանը, սակայն այս տարի նա ուշացրել էր գումարի վճարը, և հենց այդ ժամանակահատվածում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանը չի հավանել հյուրանոցի ներքին տեսքը և հրահանգել է վերանորոգել ու միայն այդ դեպքում շահագործել։ Քանի որ նախկինում հյուրանոցը կառուցվել էր մի քանի դիզայներների համատեղ նախագծով, և գույքը համապատասխանում էր հենց այդ դիզայնին, Նարեկ Նալբանդյանը որոշել է վաճառքի հանել գույքը, մասնավորապես՝ օրթոպեդիկ ներքնակները, հեռուստացույցները, թանկարժեք կահույքը, որը, ըստ նախկինում տարածված լուրերի, բերված էր արտերկրից և պատրաստված է բարձրորակ փայտից։
Փաստորեն, նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի հավանում: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչո՞ւ էր գնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում