Փաշինյանի երեք սկզբունքները, որոնց դեպքում կարող են ստորագրել խաղաղության պայմանագիրը
«Այսօր կարևոր խնդիր է՝ կարողանանք այնպես անել, որպեսզի խաղաղ գործընթացը շարունակվի ՝ մի քանի սկզբունքների հիման վրա։ Ընդ որում՝ այդ սկզբունքների մեջ որևէ նոր բան չկա և արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հայտարարության մեջ , որն արվել է ԵՄ ղեկավար Շառլ Միշելի կողմից»,- Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ առաջին սկզբունքը հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29.800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քառ. կմ:
Փաշինյանի խոսքով՝ երկրորդ սկզբունքը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար, և շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների վրա է այն արվելու ։
«Մեր կարծիքն այն է, որ դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումը շատ կարծր է, որովհետև 75-ից թ․-ից հետո էլ են եղել քարտեղներ, որոնք մեծ հաշվով նույնի վերարտադրությունն են։
Հաջորդը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա: Կարծում եմ, որ անկախ միջնորդների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից, օրինակ՝ Ադրբեջանը եթե հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է։
Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, թեև ասում են, որ համաձայն են խաղաղության գործընթացին, բայց չեն վերահաստատել իրենց հավատարմությունն իմ նշած սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- հայտարարեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան