HRW. Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում ներգրավված կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահից ստանան կոնկրետ պարտավորություններ՝ հարգելու, պաշտպանելու և իրականացնելու Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը: Հոկտեմբերի 5-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ավելի քան 100.000 էթնիկ հայեր՝ Արցախի գրեթե ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է։
«Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն, որ ԼՂ-ում գործի միջազգային դիտորդական առաքելություն, որը հրապարակայնորեն կզեկուցի Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի պայմանների մասի, կբացահայտի մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կարող են խաթարել էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը։ Գործընկեր կառավարությունները պետք է նաև կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին՝ ձեռնարկելու էական քայլեր վերադարձի իրավունքը հեշտացնելու համար՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ այցերի դեպքում»,- նշում է կազմակերպությունը։
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը ընդգծել է, որ Ադրբեջանի գործընկերները պետք է հստակ ուղերձ հղեն այդ երկրի ղեկավարությանը, որ չեն հանդուրժի դատարկ հռետորաբանությունն ու կիսատ քայլերը, երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին։
«Բոլոր կողմերի վախն ու առկա անվստահությունն անհրաժեշտություն են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից և ոչ տեսական», - նշում է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին