Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին
Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների պատճառով, ինչպես նաև վերանայել Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։
Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների բազմթիվ խախտումների համար»:Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պատգամավորները կոչ են անում «արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։
Եվրախորհրդարանը նաև մտադիր է ԵՄ-ին կոչ անել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանից գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում՝ «ամբողջովին դադարեցնել նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։
Պատգամավորները նաև կոչ կանեն ԵՄ-ին «աշխատել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովելու, ինչպես նաև տարածաշրջան հումանիտար ամբողջական մուտքը վերականգնելու ուղղությամբ» և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։
Նրանք նաև նախատեսում են «հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի առաջին առաքելության կազմակերպման կապակցությամբ, որն այցելել է Ղարաբաղ և կոչ անել «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։
Պատգամավորները փաստաթղթում քննադատել են նաև Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բացասական զարգացման մասին» Եվրախորհրդարանի նախազգուշացումները անտեսելու, ինչպես նաև այն փաստի համար, որ «նրանց. գործողությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել»։ Եվրախորհրդարանը նաև նախատեսում է կոչ անել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ նա կրում է ամբողջական պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, հորդորում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, միջազգային իրավունքի սկզբունքներն ու մարդու իրավունքները ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների,... Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,-ասված է բանաձևի նախագծում։ Պատգամավորները նաև կոչ կանեն Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից ձերբակալված բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը հինգշաբթի ԵՄ-ին կոչ կանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
- Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
- Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
- 100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
- «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին
- Կանադայի ընդդիմությունը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ