Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագրի ստորագրման խոչընդոտը միայն Արցախի բլոկը չէր. Աբրահամյան
«Վերջին օրերին նկատելի էր, որ կային որոշակի սպասումներ պայմանավորված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, շատերի մոտ տպավորություն է ձևավորվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը և Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։
«Իրականության մեջ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագիրը միայն Արցախի բլոկը չէր, կան մեծ թվով խնդիրներ, որոնք խնդիրներ էին առաջացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բնականաբար խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը»,- ասաց նա։
Որպես առաջին խնդիր ընդդիմադիր պատգամավորը նշեց սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը. «Այս հարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են։ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ, որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում սկզբունքներ, որոնք չեն կարող լինել բանակցային հիմքում։
Երկրորդը, նրա խոսքով, կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցերն են, սրա տակ Ադրբեջանը փորձում է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը և, բնականաբար, այս թեման ևս մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր ստորագրվելիք փաստաթղթղերում։
«Արցախի հարցը այս ժամանակահատվածում միայն եղել է կեղծ խոչընդոտ։ Իրականության մեջ Արցախի հարցում կար կոմպրոմիս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև, դրա արտացուլումը վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարություններն էին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ և, բնակաբար, այս հարցը չէր կարող որևէ խոչընդոտ առաջացնել պայմանագրի ստորագրման հարցում»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ այն իրավիճակը, որը կար ռազմաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում, շարունակում է մնալ բավականին ծանր։
Խոսելով Գրանադայում այսօր նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման մասին և արդյո՞ք դա կարող է բերել լարվածության սահմաններում, Տ. Աբրահամյանն ասաց. «Ադրբեջանի քաղաքական ախորժակը, բնականաբար, էականորեն բարձրացել է, Ադրբեջանը փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի և այս ռեգիոնի հիմնական դերակատար ՌԴ միջև ձևավորված խիստ լարված հարաբերությունները ՝ ստանալ ավելին։ Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել՝ Թուրքիային Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լիարժեք գործընթացի մաս դարձնել, դրանով նաև ավտոմատ կերպով մեծացնել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, երկրորդ, կարծում եմ, Ադբեջանը փորձում է վերանայել իր մտեցումները, պահանջները»։
Նա նշեց, որ Ադրբեջանն Արցախում ստեղծված այս իրավիճակից հետո կարծում է, որ իր հնարավորությունների ու պահանջների ծավալը կարող է մեծացնել. «Իհարկե, երկու տեսանկյունից սպառնալիքներ է ստեղծում. առաջին՝ բանակցային գործընթացում ճնշումներն էականորեն մեծանալու են, երկրորդ, սա ադրբեջանական քաղաքականությանը հարիր ձևով ուղեկցվելու է նաև ուժի կիրառման սպառնալիքներով։ Բնականաբար, այս իրավիճակում չպետք է բացառել, որ առաջիկա ժամանակահատվածում հնարավոր մասշտաբային գործողությունների համար նոր դաշտ կձևավորվի»։
Հարակից հրապարակումներ`
- Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենա դա անել. Փաշինյան
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան