Դա ցնդաբանություն է, ամոթ է. ՔՊ-ական պատգամավորը՝ Արշակ Կարապետյանի հայտարարությունների մասին
«Գրանադայում քննարկումները տեղի էին ունենալու 3 սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրվել են դեռևս Բրյուսելում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ սկզբունքներից առաջինը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանն է վերաբերում՝ համապատասխանաբար 29.800 և 86.600 քառակուսի կմ տարածքներով, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա և երրորդ` դեմարկացիան և դելիմիտացիան տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, պետք է որոշում կայացվի` որ քարտեզով։
«Գրանադայի հանդիպումը նախապես պլանավորված է եղել, հայկական պատվիրակությունը կմասնակցի ու կհանդիպի եվրոպական քաղաքական ներկայացուցչության մի շարք անդամների հետ՝ ներկայացնելու ՀՀ դիրքորոշումները, սկզբունքները, հույս հայտնելով աջակցություն ստանալ նաև խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր եվրոպական գործընկերների կողմից»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին` արդյոք հնարավոր է Արևմուտքի փոխարեն Ալիևի հետ հաջորդ հանդիպումը լինի Մոսկվայում, նա ասաց. «Եկեք փոխարեն բառը չօգտագործենք։ ՀՀ-ն օգտագործում է բոլոր դիվանագիտական խողովակները, արդյունավետ հարթակները տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված էր Փաշինյան-Ալիև հանդիպում, որին պետք է մասնակցեին նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները։ Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ չի մասնակցելու հանդիպմանը։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեն պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունները, մասնավորապես ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին խնդրել, որ գերեվարեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա ՀՀ-ում քաղաքական գործընթացներ չձեռնարկի, կամ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնից ազատվելու պատճառն Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայացրած վերջնագիրը չընդունելն էր, սահմանի խախտման դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրաման տալը և Արցախ մեկնելն ու այն պաշտպանելու որոշումը, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասաց. «Այդտեղ մեկնաբանելու բան չկա։ Լուրջ ակնկալում եք, որ ես պետք է այդ հարցին պատասխանե՞մ։
Դա ցնդաբանություն է, ամոթ է նույնիսկ, եթե մարդիկ հույս ունեն, որ նման ցնդաբանություններով պետք է քաղաքականություն մտնեն, չգիտեմ ինչ ասեմ։ Դուք չե՞ք տեսնում քաղաքական իրավիճակը մեր երկրում, չտեսա՞ք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։
Հիմա ուզում եք՝ մենք տեսախցիկների առաջ քննարկենք, թե սահմանների պաշտպանության ժամանակ ով ինչպե՞ս է կատարել իր գործառույթը։ ՀՀ սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել, դրա համար մարդիկ ստանում են խրախուսում, կոչում, մեդալներ, գովասանք»։
Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Իմաստ չունի քննարկել մի մարդու արտահայտություններ, որոնցով նա իր ծառայություններն է առաջարկել կոնկրետ մարդկանց, կոնկրետ բևեռների, ինչպես շատերն են անում։ Մենք նման առաջարկություններ տեսել ենք մի շարք այլ քաղաքական գործիչների կողմից, նրանց ճակատագիրը տեսնել ենք և տեսնում ենք այսօր»։
Հարակից հրապարակումներ`
- Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է շատ ավելի բացված տեսքով ներկայացնի. Աբրահամյան
- Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագրի ստորագրման խոչընդոտը միայն Արցախի բլոկը չէր. Աբրահամյան
- Արշակ Կարապետյան. Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին
- Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենա դա անել. Փաշինյան
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան