Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է շատ ավելի բացված տեսքով ներկայացնի. Աբրահամյան
«Առաջին անգամ եմ լսում, որ Ազգային կոմիտեն լուծարվում է։ Ինքս այդ աշխատանքներին մասնակցություն չունեմ, բայց նման տեղեկություն առաջին անգամ եմ լսում։ Որքան տեղյակ եմ, այդ կոմիտեն իր աշխատանքները շարունակում է», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին, Տ. Աբրահամյանը նշեց, որ դրանք Ազգային կոմիտեի աշխատանքների համատեքստում չի դիտարկում։
«Այն հանգամանքը, որ Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, դա որոշակի նորություն էր։ Այս իշխանությունների հետ աշխատել է տևական ժամանակ և նման հայտարարություն ոչ այդ ընթացքում է արել, ոչ էլ հետո։ Թե ինչու է նրա մոտ այդպիսի գաղափար ծնվել, ինչու է որոշել իրական գնահատականներն այսօր հնչեցնել, ինձ համար այս պահին երկրորդական հարց է և չեմ ուզում ծավալվել»։
Անդրադառնալով Արշակ Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե հավաստի տեղեկություններ ունի, որ ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին խնդրել, որ Հակարիի կամրջի մոտ գերեվարեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա ՀՀ-ում քաղաքական գործընթացներ չձեռնարկի, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց. «Եթե կան փաստեր, ապա Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է շատ ավելի բացված տեսքով ներկայացնի։ Քանի որ այնպիսի տեղեկություններ են, որոնց հասարակության լայն շերտերը չեն տիրապետում։ Դրանք կարող են հաստատել միայն այն մարդիկ, ովքեր այդպիսի ինֆորմացիայի հետ առնչվել են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան