Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը սողանքների, 30%-ը սելավների. Արփինե Սարգսյան
«ՀՀ-ն աղետների տեսանկյունից լուրջ հակվածություն ունի հատկապես՝ երկրաշարժերի: Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը սողանքների, 30%-ը սելավների և այլն»,-կառավարության նիստում հայտնեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը զեկուցեց Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը:
Նրա խոսքով՝ կենսաբանական և տեխնածին ռիսկերը ևս իրենցից զգալի ռիսկեր են ներկայացնում, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը:
Հայտնելով, որ Հայաստանն ուրբանիզացիայի շատ բարձր 55-60% մկարդակ ունի՝ փոխնախարարը նշեց, որ այն ևս հանգեցնում է աղետների ռիսկերի մեծացման:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. « Նախագծով սահմանվում բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը:
Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի իրականացումն է՝
Միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված ԱՌԿ համակարգի ձևավորում, որը կունենա՝
ա. աղետների ռիսկի նվազեցմանը,
բ. օպերատիվ արձագանքմանը,
գ. հետաղետային վերականգնմանն ուղղված
որոշումների կայացման, դրանց իրականացման և մշտադիտարկման մեխանիզմներ:
Նախագծով սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝ մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ.Բնական աղետներից մահացածների մարմինները հազվադեպ են վտանգում հանրային առողջությանը
- Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել
- Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփում է 2019 թվականը
- Մնացականյան. Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաև պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք