ՀՌՀ–ն ռուսական հեռուստաալիքների եթերներում խախտումներ է հայտնաբերել
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Տեղեկությունը sputniknews.ru-ի հետ հարցազրույցում հայտնել է մարմնի ղեկավար Տիգրան Հակոբյանը։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:
Հակոբյանի խոսքով՝ դա պատգամավորի անձնական նախաձեռնությունը չէր, այստեղ խոսքը «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք համաշխարհային ցանց» ալիքների խախտումների մասին է:
«Բացի ռուսականից, այլ արտասահմանյան հեռարձակողներ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում չկան։ Դա քաղաքական որոշում էր՝ հնարավորություն տալ մեր դաշնակիցներին հեռարձակվել մեր տարածքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետաքրքրությունը և այն, որ մենք շատ ռուսախոս ունկնդիրներ ունենք։ Բայց դրանից օգտվելն ու նման կոնտենտ ներկայացնելը, կարծում եմ, սխալ է։ Մենք բացարձակ ազատ երկիր ունենք, պարզապես կան ինչ-որ սահմաններ, որոնք չի կարելի խախտել», -նշել է նա։
Կարգավորիչ մարմնի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ խոսքը միայն հանրային մուլտիպլեքսի (ոչ կաբելային հեռարձակման) մասին է, որն ունի իր փիլիսոփայությունը, հեռարձակման հայեցակարգը, որոնք խախտելու իրավունք չունեն նույնիսկ տեղական կոմերցիոն ալիքները:
Հակոբյանը նաև մատնանշել է այն փաստը, որ Հայաստանը միակ հետխորհրդային հանրապետությունն է, որի հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքները են հեռարձակվում: Ռուսական ալիքներ հանրային մուլտիպլեքսում չկան նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը կամ Տաջիկստանը, որոնք նույնպես Ռուսաստանի դաշնակիցներն են։
Ինչ վերաբերում է հայկական մալուխային ցանցերին, ապա այստեղ ռուսական ալիքների և ամերիկյան ու եվրոպական հեռուստաընկերությունների ռուսալեզու ծրագրերի լիակատար գերակայություն է նկատվում։ Այնպես որ, ռուսալեզու ալիքների հեռուստադիտողների իրավունքների ոտնահարման մասին խոսք չկա։
«ՄԻՐ» հեռուստաընկերությունը արտասահմանյան հեռարձակող չի համարվում, քանի որ այն միջպետական հեռուստառադիոընկերություն է, որի հիմնադիրը նաև Հայաստանն է: Ընդ որում. Հակոբյանի խոսքով` այդ հեռուստաընկերությունը չի արել խախտումներ, որոնք թույլ են տալիս «ՌՏՌ-Պլանետան» և «Առաջին ալիքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան