Երեք տարում կրծքագեղձի քաղցկեղով 739 կին պետպատվերով տրաստուզումաբ է ստացել
Հայաստանում 2020 թվականի մարտից մեկնարկած «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրից օգտվել է 739 կին։ Ինչպես այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը, այդ կանայք 12 ամիս անվճար ստացել են 17 սրվակ տրաստուզումաբ։
Նրա խոսքով՝ դա բավականին թանկ դեղամիջոց է, մեկ սրվակն արժե 1000 դոլար, իսկ մեկ հոգուն անհրաժեշտ է 17 սրվակ։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, մոտ 17 մլն դոլարի դեղամիջոց հատկացվել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց։ Ներկայումս, ըստ նրա, ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 156 կին։
«Եթե այս դեղի կարիքն ունեցող կինն այն չի ստանում, ապա մետաստազների առաջացման և հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծ է։ Մինչդեռ HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար տրաստուզումաբի 12 ամիս տևողությամբ բուժումը նվազեցնում է մետաստազների զարգացումը»,- ասաց Հայկուհի Գեոկչյանը։
Այսպիսով, ըստ նրա, վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին բավականին նվազել է ետաստատիկ քաղցկեղով հիվանդների թիվը․ «Եթե 2015թ-ին ունեինք մոտ 35-40 տոկոս առաջնակի հայտնաբերված մետաստատիկ հիվանդներ, 2019 թ-ին՝ 27%, ապա 2023թ-ին՝ 15%: Սա նաև սկրինինգային ծրագրի արդյունքն է։ Մենք կարողացել ենք ապահովել լավ սքրինինգ, վաղ հայտնաբերում, ճիշտ, գրագետ բուժում»,- նշեց նա։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանն անդրադառնալով կրծքագեղձի սկրինինգային ծրագրին, նշեց․ որ պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2021թ․ հունվարից Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, իսկ այժմ շարժական մամոգրաֆը գտնվում է Շիրակի մարզում։
2,5 տարվա ընթացքում, ըստ նրա, հետազոտվել է 50-69 տարեկան 24,5 հազար կին։ Արդյունքում հայտնաբերել են 250 կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք, որոնցից 228-ը ստանում կամ արդեն իսկ ստացել են մասնագիտական բուժում, 20 կին հրաժարվել է բուժումից, բայց նրանց հետ իրականացվում են բացատրական աշխատանքներ։
«Ծրագրի ներդրումից հետո տվյալ մարզերում հիվանդությունը 85-90% դեպքերում ախտորոշվել է ամենավաղ փուլերում, ինչը բնականաբար չի կարող դրական ազդցություն չունենալ բուժման արդյունքների վրա, իսկ քաղցկեղի 4-րդ փուլում հայտնաբերման դեպքերը նշված մազերում 10 տոկոսից քիչ է»,- ասաց Արթուր Ավետիսյանը։
Նա նաև նշեց, որ մամոգրաֆիայի շարժական կենտրոն կանանց շրջանում դիմելիությունը 40 տոկոս է կազմում, ինչը նշանակում է, որ իրազեկման առումով դեռ անելիքներ կան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան