Փաշինյանը կարող է գնա, առվի ջրի մոտ նստի, ինքն իրեն պարտավորություն ստանձնի. Սուրեն Սուրենյանց
«Ի՞նչ պայմանավորվածությունների և երաշխիքների մասին է խոսքը, երբ Հայաստանի գլխավոր սպառնալիք Ալիևը ցուցադրական դեմարշով այդ հանդիպմանը չի մասնակցել»,-անդրադառնալով Գրանադայի հանդիպումների արդյունքներով տարածված պաշտոնական հաղորդագրությանը՝ ասուլիսում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նա հայտնեց, որ նախորդ օրը Գրանադայից տարածված հայտարարության մեջ որևէ խոսք չկա էթնիկ զտման, ագրեսիայի մասին, այլ խոսվել է միայն զանգվածային տեղահանության մասին, բայց պարզ չէ, թե ում ագրեսիան է հանգեցրել զանգվածային տեղահանությանը:
«Հայտարարության մեջ խոսվում է սահմանազատման հրատապ անհրաժեշտության մասին, բայց չի խոսվում Հայաստանի տարածքների դեօկուպացիայի մասին, երբ 160 ք/կմ զավթված է: Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ Եվրոպյում Ադրբեջանի արածն օկուպացիա չեն համարում, սահմանները վիճելի են համարում, ինչի մեջ մենք մեղադրում էինք ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին: Խոսել սահմանազատման անհրաժեշտության մասին և չխոսել, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը, այն նշանակում է, թե ասում են՝ սահմանազատում արեք, որ տեսնենք Ադրբեջանն օկուպացիա արել է, թե ոչ»,-իր դիտարկումը ներկայացրեց քղաքագետը:
Նա նաև անդրադարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառմանը, որում ասվում է. «Գրանադայում Հայաստանն ինչ ցանկացել է՝ ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի, անկլավների թեման չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»:
Սուրեն Սուրենյանցը տարկուսեց, որ պարտությունների և կորուստների չդադարող շարքի պայմաններում աբսուրդ է Գրանադայի հանդիպումը հաղթանակ գնահատելը, առավել ևս, որ այնտեղ Ալիևը չի եղել:
«Նիկոլ Փաշինյանը կարող է գնա, առվի ջրի մոտ նստի, ինքն իրեն պարտավորություն ստանձնի: Ո՞ւմ է պետք, ո՞ւր է Ալիևը, ե՞րբ է վերջինս ասել, որ այդ գրածին տեր է»,-ասաց Սուրենյանցը:
Բանախոսը նաև մեկնաբանեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այն հայտարարությունը, որում ասել էր, թե իմաստ չունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել:
«Total Energies ընկերությունը, որը ֆրանսիայի բիզնես հսկան է, տիրապետում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 5% բաժնեմասին և այս տարի շահագործվող Ապշերոնի գազի հանքավայրում ունի 50% բաժնեմաս: Այս տոկոսների պայմաններմ ենթադրել, որ Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառեր, կամ թույլ տար, որ Եվրամիությունն այն անի, որի էներգետիկ կարիքների երեք տոկոսը հոգում է Ադրբեջանը, միամտություն կլիներ»,- նկատեց Սուրենյանցը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
- ԵՄ-ն Հայաստանին կոչ է անում միանալ ծրագրին, որում Ադրբեջանն է
- Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Գրանադայի գագաթնաժողովին
- Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման