Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է անազատության մեջ գտնվող իրանցի իրավապաշտպանին
Նոբելյան կոմիտեն հայտարարել է 2023 թվականի Խաղաղության մրցանակը շնորհելու մասին։ Մրցանակի դափնեկիր է դարձել անազատության մեջ գտնվող իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին։
Որոշվել է մրցանակը շնորհել նրան իր երկրում կանանց ճնշումների դեմ պայքարի համար և «բոլորի համար մարդու իրավունքների և ազատությունների խթանման համար»:
«Նարգես Մոհամադին կին է, իրավապաշտպան և ազատամարտիկ։ Այս տարի նրան խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելով՝ Նոբելյան կոմիտեն ցանկանում է հարգել Իրանում մարդու իրավունքների, ազատության և ժողովրդավարության համար նրա խիզախ պայքարը: Խաղաղության մրցանակը շնորհվում է նաև հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր նախորդ տարի դեմ էին արտահայտվել մի ռեժիմի դեմ, որը խտրականություն էր դրսևորում և ճնշում էր կանանց»,- ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
mk.ru-ն գրում է, որ Նարգես Մոհամադին ձերբակալվել է 13 անգամ, 5 անգամ մեղավոր է ճանաչվել և ընդհանուր առմամբ դատապարտվել 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի։ Նա առաջին անգամ ձերբակալվել է 26 տարեկանում՝ Իրանի կառավարությանը քննադատելու համար։ Ներկայումս 51-ամյա Նարգես Մոհամադին բանտում է Իրանում մահապատժի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի գրող Յուն Ֆոսեին
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները
- Հայտնի են ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրները
- Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է երկու գիտնականի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ունեցած ներդրման համար
- Նոբելյան մրցանակի գումարն ավելացվել է 1 միլիոն կրոնով