Ադրբեջանի կողմից արցախցի պաշտոնյաների ձերբակալությունների փաստով քրեական վարույթների հարուցման մասին հարցերը Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում
Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալությունների փաստով քրեական վարույթների հարուցման մասին հարցերին Հայաստանի գլխավոր դատախազությունը չի պատասխանում։
Panoarama.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով արդյոք հարուցվա՞ծ են վարույթներ, եթե այո, ապա ե՞րբ են հարուցվել դրանք, ո՞ր հոդվածներով, ի՞նչ փուլում են։
«Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում։ Այս պահին դա մեր պաշտոնական պատասխանն է»,-ասացին դատախազությունից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից երկու հայաստանցիների առևանգմանը, ապա դատախազությունից հայտնեցին՝ կան հարուցված վարույթներ։
«Հիշյալ քրեական վարույթներին վերաբերող մյուս հարցերի կապակցությամբ տեղեկատվության տրամադրումը ներկա փուլում նպատակահարմար չէ՝ ելնելով նախաքննության տվյալները չհրապարակելու անհրաժաշետությունից, քանի որ դրանց հրապարակումը անխուսափելիորեն կվտանգի հետագա նախաքննության պատշաճ և համակաողմանի իրականացումը»,-ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Այս մարմնից նաև տեղեկացրեցին, որ անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում.
«Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմ՝ անձանց իրավունքները պաշտպանելու և վերականգնելու նպատակով»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ձերբակալել է, գերեվարել, ապա տարբեր մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին` Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։
Երեկ ՌԴ նախագահ Վ. Պուտինը մասնավորապես հայտարարեց. «Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ, որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
- Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում
- Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին