Արցախի պետական ջազ նվագախումբի գործիքները փրկվել են և արդեն հնչում են Երևանում
Արցախի պետական ջազ նվագախումբը, որը ստեղծվել էր 2004-2005 թվականին, որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո 2022-ի հունվարից նոր մոտեցումներով, նոր գաղափարներով, նոր ոճով ու կիսանոր կազմով սկսել էր ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Նվագախումբը համերգներ էր ունենում ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում։ Արցախից բռնի տեղահանվածների թվում են նաև նվագախմբի տղաները, որոնք ամբողջ կազմով Հայաստանում են՝ իրենց հետ բերելով նաև իրենց գործիքները։
Panorama.am-ը զրուցել է նվագախմբի տնօրեն Տիգրան Սուչյանի հետ։
Panorama.am-Արցախի պետական ջազ նվագախումբը հոկտեմբերի 5, 6, 7, 8-ին համերգներ ունի Ulikhanyan Jazz-Club-ում։ Նվագախմբի անդամները Արցախից են ու, հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում, արդյո՞ք դժվար չէ նորից միավորվել ու ելույթ ունենալ։
Տիգրան Սուչյան-Ուլիխանյան ակումբի և Երևանի երաժիշտների նախաձեռնությամբ կազմակերպել ենք համերգներ, որպեսզի մեր տղաներին ասենք բարի գալուստ երևանյան ջազային երաժիշտների մեծ ընտանիք։
Իհարկե, հոգեպես շատ դժվար է շատ մարդկանց համար, բայց, կարծում եմ, երաժշտությունը հենց այն բժշկությունն է ու բուժում է բոլոր տեսակի հոգևոր ցավերը։ Կարծում եմ՝ ամենաճիշտը նվագելն է։
Panorama.am-Արդյո՞ք ամբողջ կազմն է մասնակցում համերգներին։
Տիգրան Սուչյան-Կազմի մոտավորապես 90 տոկոսը մասնակցում է, բացառությամբ 2-3 հոգու, որոնք դեռ պատրաստ չեն հասկանալի պատճառներով։ Մենք նրանց կսպասենք, ասել ենք՝ երբ պատրաստ լինեք, կարող եք միանալ մեզ։ Կսպասենք, ինչքան պետք է։
Panorama.am-Ի՞նչ ծրագրով եք ելույթ ունենում։
Տիգրան Սուչյան-Մենք արդեն մեկուկես տարի է ունենք ծրագիր՝ հիմնականում կազմված է հեղինակային գործերից, հեղինակային գործիքավորումներից, նաև համաշխարհային դասական ջազային ստեղծագործություններից։ Ծրագիրը թարմացրեցինք և ավելացրեցինք ևս մի քանի ստեղծագործություն։ Մեզ միացան երևանյան ջազ երաժիշտները։ Նրանք բոլորը մեզ հետ են, և մենք շարունակելու ենք նվագել։
Panorama.am-Հնարավոր եղե՞լ է նվագախմբի գործիքները Արցախից տեղափոխել Հայաստան։
Տիգրան Սուչյան-Այո, հնարավոր եղել է շնորհիվ մեր ընկերների։ Հատկապես, Նաիրի Մուրադյանը մեզ օգնեց, գործիքների մեծ մասը տեղափոխել է, իսկ մնացած մասը տարբեր մարդկանց օգնությամբ հատ առ հատ տեղափոխել ենք և շնորհակալություն Արցախի ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Ապրես Մարգարյանին, նա գործիքների վերջին կտորները հասցրեց բերել և ոչ միայն ջազ նվագախմբի, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների խմբերի գործիքները։ Ամեն ինչ ստացվեց, ոչ մի բան չթողեցինք։ Դա մեզ համար շատ կարևոր է։
Panorama.am-Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի պետական ջազ նվագախմբի գործունեությունը Հայաստանում։ Կշարունակի՞ ելույթ ունենալ որպես Արցախի պետական ջազ նվագախումբ, թե ...
Տիգրան Սուչյան-Հուսով եմ՝ պետությունը նախարարության միջոցով մեզ որևէ հարթակ կտրամադրի կամ որևէ ստատուս մեզ կտա։ Մեծ հույս ունեմ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, կապի մեջ եք պատկան մարմինների հետ։ Բայց ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, ես և իմ ընկերները, նվագախմբի տղաները բոլորս պատրաստակամ ենք շարունակելու մեր գործունեությունը։ Այս տարիների մեր արած գործը չենք ուզում ջուրը գցենք, մենք անպայման պետք է շարունակենք նորովի։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու ենք». Արցախի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա Երևանում
- Արցախի պետական ջազ նվագախումբը՝ նոր կազմով ու նոր մոտեցումներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին