ՌԴ ՊՆ պատվիրակությունը կժամանի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու ժամկետները
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կժամանի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները»,- ասել Է զրուցակիցը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբ տեղակայվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա:
ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու տևողությունը որոշվել է համաձայնագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով` ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Արցախի ՊԲ-ն թշնամուն պատճառել է զգալի այդ թվում մարդկային կորուստներ։ Ցավոք, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվել է արցախցիների բռնի տեղահանումը։ Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։