«Ժողովուրդ». Ինչու է պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը կայացել առանց տուժողի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը վերջապես հոտեմբերի 3-ին կայացել է, սակայն գործով տուժող՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դատարան չի գնացել, ու նիստը կայացել է առանց տուժողի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական նիստը կողմերի համաձայնությամբ առանց տուժողի շարունակվել է, քանի որ ներկա է եղել նրա ներկայացուցիչը, սակայն այստեղ հարցը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերաբերմունքն է դատական համակարգի նկատմամբ։ Այսպես իրավաբան հանձնաժողովի նախագահն իր վերաբերմունքն արտահայտում է երրորդ իշխանության՝ իրավաբանության նկատմամբ: Դատական համակարգում դժգոհ են, թե իշխանական երեսփոխանը վեր է դասում իրեն և դատարան չի ներկայանում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս գործով դատական նիստերը չէին կայանում, քանի որ պաշտպաններն առաջին նիստի օրը չէին ներկայացել դատարան՝ նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն: Արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն էր նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չէր կայացել: Նկատենք, որ չնայած դատապաշտպանները չէին ներկայանում, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել էր դատարան:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 31-ին Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանել էր Վլադիմիր Վարդանյանի հետ, երբ նա պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում