Հենրիխը տարիների ընթացքում ավելի լավն է դառնում․ Մխիթարյանի գործակալ
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Ես դեռ չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է։ Ինչպես ավելի վաղ ասացի, տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ, չնայած այն հանգամանքին, որ 34 տարեկան է։ Հենրիխն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը միայն երկարացնում են մարզական կարիերան»,- ասել է Ռաֆայելա Պիմենտան, փոխանցում է «Championat.com»-ը։
Խոսելով ապագա ծրագրերի մասին, գործակալը խորհուրդ է տվել հարցնել հենց Մխիթարյանին։ «Ըստ ամենայնի, նա երջանիկ է «Ինտեր»-ում։ Իսկ ինքներդ ի՞նչ եք կարծում։ Այդ մասին է խոսում նրա խաղը»,- նշել է Պիմենտան։
Մխիթարյանը «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը 9 խաղում կարողացել է աչքի ընկնել երկու գոլով և մեկ արդյունավետ փոխանցումով: