«Հոգու հայելի». Նվիրված Հակոբ Հակոբյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 10-ին կբացվի Հակոբ Հակոբյան – 100. Հոգու հայելի» ցուցահանդեսը։
Հակոբ Հակոբյանը (1923–2013) 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է: Արվեստագետի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը ներկայացնում է նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝ շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:
Հակոբ Հակոբյանի արվեստի ձևավորման ակունքներում կյանքի անձնական ընկալումներն են: Եգիպտական շրջանի (1954–1962) նրա գործերը անցյալի հուշերի և անորոշ իրականության զուգորդումներ են, ապրումների ինքնատիպ մեկնության վկայություններ: Վարպետին միշտ հուզել է մարգինալացված, կյանքի անսահմանության և բարդության, առօրյայի ծանրության տակ կքած մարդկանց հոգեվիճակը. իր կտավների ֆիզիկական տեսքը լիովին բացահայտում է պատկերվողի ներաշխարհը: Այս իմաստով, նրա արվեստը հարում է միզերաբլիզմի գեղանկարչական սկզբունքներին: Հակոբյանի գործունեության այս փուլը ինքնաճանաչողության, փնտրտուքի էտապ էր, որն ավարտվում, բայց նոր սկզբի ծիլեր է տալիս Հայաստանում:
1962 թ. Հայաստան տեղափոխվելով՝ Հակոբյանը գտնում է երկար սպասված երջանկությունը: Նա կարողանում է երկրի գեղարվեստական կյանքում հաստատված կարծրատիպային և նորարարական հոսանքների ազդեցությանը զուգահեռ ստեղծել նոր իրականություն: Նկարչի՝ նախկինում հոգեհարազատ մարդու կերպարը հայաստանյան շրջանում փոխակերպվում է բնության պատկերման: Նա բացահայտում է հայկական նոր բնապատկեր, տեսնելու մեկ այլ կերպ, ընդլայնում է հայկական բնանկարի ընկալման նոր հորիզոնները:
1970-ական թթ. ներանձնական ապրումների փոփոխության արդյունքում Հակոբ Հակոբյանը, բնանկարներին զուգահեռ, կրկին վերադառնում է մարդու պատկերմանը՝ այս անգամ արդեն իր հերոսներին տեղափոխելով պայմանական միջավայր («Կինը հայելու առջև», «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի դիմանկարը»): Իսկ 1980-ական թթ. երկրում տիրող սրընթաց փոփոխություններն ու ներքին լարվածությունը նկարչին ստիպում են նորից անդրադառնալ իրական աշխարհին: Նա նկարում է նատյուրմորտներ ու կոմպոզիցիաներ, որտեղ մարդը կարծես կորցնում է իր ուժը, հոգևոր հատկանիշները, վերածվում չնչին էակի, որտեղ անշունչ առարկաներն են իշխում մարդու վրա: Կոստյումի թեման, որը պարբերաբար հայտնվում է Հակոբյանի արվեստում, շարունակվում է 1990-ական թթ. անմարմին հագուստների շարքերում՝ արձագանքելով մարդկային լարված փոխհարաբերություններին, մարդկանց հոգեկան և բարոյական դատարկությանը։ 2000-ական թթ. նկարչի գործերում գերակշռում է հունական քանդակների և մանեկենների ու աշխատանքային գործիքների անհավանական համադրության երկխոսությունը, որին Հակոբյանը տալիս է «Սիրո պարտեզ» անվանումը: Դա բանաստեղծական և խորհրդանշական, անցյալի ու ներկայի արտացոլումն է, հեղինակի ապրումների հայելին:
Ստեղծագործական երկար տարիների ընթացքում Հակոբ Հակոբյանին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նկարիչը փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձնել: Այսպես, 1980-ական թթ. նրա արվեստ մուտք է գործում քանդակային լեզուն և ավելի զարգանում 2000-ականներին՝ պլաստիկայի միջոցներով ներկայացնելով մարդկային էությունը, նորովի բացահայտելով նրան:
Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում հայրենական մշակութային դաշտում՝ ձևավորելով յուրօրինակ, հակոբյանական պատկերային մտածողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան