Յանեզ Լենարչիչը հայտնել է ԵՄ մի քանի հումանիտար օգնության մասին
Հայաստանում է գտնվում Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։ Յանեզ Լենարչիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Ես եկել եմ Հայաստան ցույց տալու համար Եվրամիության ամբողջական համերաշխությունը Հայաստանի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Ինչպես գիտեք, Եվրամիությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունը Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Ինչպես գիտեք, այս ռազմական գործողությունը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդկանց տեղահանմանը դեպի Հայաստան։ Ես վստահեցնում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին, որ այս դժվարին իրավիճակում կարող են ապավինել Եվրամիության ամբողջական աջակցությանը։
Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունից անմիջապես հետո Եվրամիությունը ժամանել է այդտեղ: Մենք շատ արագ մոբիլիզացրել ենք ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցություն, մի քանի օր անց կրկնապատկել ենք այն, և այսօրվա դրությամբ տրամադրել ենք ավելի քան 10 միլիոն եվրո հումանիտար աջակցություն՝ առաջին հերթին օգնելու համար այն մարդկանց, ովքեր տեղահանվել են Ղարաբաղից։ Բացի այդ, մենք մոբիլիզացրել ենք Եվրամիության հումանիտար օգնության պարագաների պաշարը, որը մոտակա ժամերին կուղարկվի Հայաստան՝ հումանիտար աջակցության կարիք ունեցող մարդկանց համար։ Այստեղ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի իշխանությունների կողմից իրավիճակի շատ արագ և արդյունավետ կառավարումը բոլոր մակարդակներում՝ կառավարության մակարդակից մինչև տեղական ինքնակառավարման մակարդակ։ Նաև կուզենայի ողջունել մարդկանց մեծահոգությունը՝ առաջին հերթին նրանց, ովքեր առաջարկեցին իրենց սեփական տները, որպեսզի ապաստան տան Ղարաբաղից տեղահանված մարդկանց։ Մենք նաև գործի ենք դրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, քաջալերել ենք ԵՄ անդամ պետություններին և այս կառույցի այլ անդամներին արձագանքել իրավիճակին։ 13 երկիր արդեն արձագանքել է Հայաստանի կողմից աջակցության կոչին։ Բազմաթիվ երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել և առաջարկել են աջակցություն, մասնավորապես՝ խոսքը սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների մասին է։ Շատ կարևոր է, որ դեղորայքն արդեն տրամադրվում է հիվանդանոցներին, որտեղ բուժում են ստանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորված անձիք։ Այդ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Շվեդիա և Նորվեգիա։ Այս երկրներն են, որ ցուցաբերել են ամբողջական համերաշխություն Հայաստանի հանդեպ։
Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո մենք կշարունակենք միջնաժամկետ և երկարաժամկետ մեր աջակցությունը։ Եվ վերջապես, կցանկանայի վերահաստատել Եվրամիության անխոնջ աջակցությունը Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան