Իսրայել. «Համաս»-ը ճակատագրական սխալ է թույլ տվել
«ՀԱՄԱՍ» խմբավորումը լուրջ սխալ է թույլ տվել՝ հանկարծակի հարձակավելով Իսրայելի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Այսօր «Համաս»-ը թույլ տվեց ճակատագրական սխալ ու սկսեց պատերազմ Իսրայել պետության դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կռվում են թշնամու դեմ ներթափանցման բոլոր վայրերում»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա։
Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաք՝ Գազայի հատվածից շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման հետևանքով։
Տարբեր աղբյուրների փոխանցմամբ. իրադարձությունների էպիկենտրոն է դարձել Սդերոտ քաղաքը։ ՀԱՄԱՍ-ի անդամները վայրէջք են կատարել պարապլաներներով և նավակներով, որից հետո գրավել են ոստիկանական բաժանմունքը։ Այժմ խմբի անդամները շարժվում են բնակելի տարածքների փողոցներով՝ գնդակահարելով զինվորականներին ու քաղաքացիական անձանց։
«Փողոցներում կան դիակներ և բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ հաշվարկել։ Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունը Գազայի սահմանին գտնվող Էրեզ բազայի նկատմամբ։ Հրապարակվել են նաև զորանոցում սպանված իսրայելցի զինվորների կադրերը։ Զինվորների ու խաղաղ բնակիչների գերեվարման մասին լուրերը հաստատվում են»,-գրել է «Բլոկնոտ.ռու»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Հարձակում Իսրայելի վրա. Երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
- Այն, ինչ կատարվի Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա․ Գեղամյան