Վայոց Ձորից՝ Լոռվա անտառներ,ի՞նչ «ճակատագիր» է սպասվում խնդրահարույց արջերին
Արջերի ներխուժումը բնակավայրեր հաճախակի են դարձել։ Հատակապես՝ Վայոց Ձորի մարզում այս տարի ահազանգերը շատ են եղել։ Արջերի «սիրելի» սեզոնը աշունն է, երբ այգիներում բերքն առատ է։ Ավելի հաճախ նրանք իջնում են գյուղերը պաշարելու հենց այս շրջանում։ Panorama.am-ի հետ զրույցում WWF Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ խնդիրն առավել սուր է Եղեգիսի կիրճին մոտ բնակավայրերում։ Նրա խոսքով, կենդանիները մոտենում են բնակավայրերին՝ հիմնականում սննդի փնտրտուքով, ծառերն են ջարդում, բերքից օգտվում և նյութական այլ վնասներ հասցնում։ Մանվելյանի դիտարկմամբ, դեպքերն ավելացել են՝ պայմանավորված մի քանի գործոններով։
«Վերջին տասը տարվա ընթացքում կենդանիների պահպանությունը բարելավել է։ Չեն սպանում կենդանիներին, նախկինում անօրինական ձևով սպանում էին։ Սա ևս նպաստել է կենդանիների քանակական ավելացմանը։ Հաջորդը՝ կլիմայի փոխփոխությունն է և Եղեգիս գետի վրա կառուցված ՀԷԿ-երը։ Բանը նրանում է, որ գետից օգտվում էին նաև արջերը, ձուկ էին որսում։ Այն պրոտեին է, որը հարկավոր է արջերին։ Հիմա այնտեղ ձուկ չի մնացել, գետը գրեթե ամբողջությամբ խողովակների մեջ է։ Արջը, եթե բնության մեջ չի գտնում սնունդը, գալիս է բնակավայրեր։ Մենք ենք իրեն ստիպել ՝մարդիկ, կենդանին մեղք չունի»,- ասաց մեր զրուցակիցը։
Ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետը համոզված է, որ պետք է փոխվի նաև մարդկանց վերաբերմունքը կենդանիների նկատմամբ՝ ընգծելով, որ համապատասխան կրթության անհրաժեշտություն կա։
«Օրինակ՝ շատերը չգիտեն, որ վայրի կենդանիներին չի կարելի կերակրել։ Գյուղում հատուկ տեղ էին պատրաստել՝ արջին կերակրելու համար։ Երբ կենդանին գալիս ու տեսնում է կեր չկա, սկսում է շուրջբոլորը կեր փնտրել։ Նշածս դեպքում՝ մարդիկ իրենք էին արջին «հրավիրել» գյուղ։ Ի դեպ, գենետիկորեն փոխանցվող խնդիր է։ Եթե մայր արջը գյուղ է մտնում, ապա ,ամենայն հավանականությամբ, իր ձագերն էլ կմտնեն։ Այդ գենետիկական կապը նույնպես պետք է կտրել։ Այսպիսի արջերին պետք է տանել ավելի հարուստ բնություն ունեցող տարածքներ՝ անտառներ, որտեղ նրանց սնունդը բավարար կլինի»,- պատմեց Մանվելյանը։
Ինչ վերաբերում է խնդրի լուծումներին, ապա Կարեն Մանվելյանը ներկայացնում է մի քանի տարբերակներ։
«Հիմնականը՝ էլեկտրահովիվների ապահովումն է։ Մարդիկ պետք է ցանկապատեն իրենց տարածքը, որպեսզի արջը չկարողանա մուտք գործել։ Շատին գյուղում, որը ևս բավականին տուժել է արջերի հարձակումներից, արդեն տեղադրել ենք 40 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որից ստացած եկամուտը գյուղապետարանը կուղղի տուժած բնակիչներին՝ վնասը փոխհատուցելու նպատակով»։
Առաջարկներ կան նաև խնդրահարույց արջերի դեպքում։ «Մի քանի խնդրահարույց արջեր կային, որոնց առաջարկել ենք տեղափոխել ոչ բնական պայմաններ։ Իսկ այն արջերը, որոնք հազվադեպ են հանդիպում բնակավայրերում, առաջարկում ենք տեղափոխել Լոռվա կամ Տավուշի անտառներ։ Այս լուծման տարբերակները դեռ պետք է քննարկել շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահի դրությամբ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները էլեկտրահովիվների տեղադրումն ու վնասի փոխհատուցումն են»,- եզրափակեց Մանվելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շատին համայնքում քննարկվել է արջերի կողմից բնակիչներին հասցրած վնասները
- Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան