Զելենսկու և Ալիևի հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի Վիենի քաղաքապետարանից հանվել է Ուկրաինայի դրոշը
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը կոչ է արել վարչակազմի շենքի ճակատից հանել Ուկրաինայի դրոշը Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո, հայտնում է «Eadaily»-ին»
Ինչպես նշել են քաղաքապետարանից, դրոշը հանելու որոշումը կայացվել է Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին ասված խոսքերի պատճառով։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Բաքվի կողմից Կիևին տրամադրվող մարդասիրական օգնությունը էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցության հնարավորությունները:
Մասնավորապես, քաղաքապետի կարծիքով, «Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարությունները Ալիևի հետ զրույցում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ հարցեր են առաջացնում» մարդու իրավունքների խախտումների համատեքստում, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում։
«Ադրբեջանական բռնապետին սատարելու նման ձևն անընդունելի է»,- ասել է քաղաքապետը:
Կովաչը նաև շեշտել է, որ «չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին» մարդասիրական օգնության համար, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում ցուցաբերված աջակցության, քանի որ Ադրբեջանը «գազը մեկուկես անգամ թանկ գնով է վաճառում՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար»։