Վիճակը ծանր է. Իսրայելահայերի միության նախագահ
Առավոտյան ժամը 06:00-ից սկսվել են Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռակոծումները, և մենք արթնացել ենք պայթյունի ձայներից։ Այս մասին Tert.am-ին հայտնել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
Նա պատմել է, որ հռթիռակոծության մասին տեղեկությունը ստանալուն պես անմիջապես ռմբապաստարաններում են տեղավորվել։
Արտյոմ Չերնամորյանը երեխաներին քնից արթնացրել է և ոտաբոբիկ ապաստարան են հասել։
«Յուրաքանչյուրս ունենք ինտերնետային հավելվածներ, երբ Իսրայելի կամ Գազայի տարածքում սկսում են հրթիռահարումներն, այդ կարմիր տագնապը հնչում է, և տեսնում ենք, թե որ հատվածներն են հրթիռակոծության ենթարկվում։ Երբ տեսա, որ հրթիռակոծությունը մոտենում է Թել Ավիվին, երեխաներին արթնացրի, եղբորս երեխաները նույնպես մեր տանն էին։ Երեխաները նույնիսկ չհասցրին հագնվել, ոտաբոբիկ իջանք ռմբապաստարան։ Ես էլ, բարեբարխտաբար, մեր շենքի համատիրության ղեկավարն եմ և ռմբապաստարանի բանալիները ինձ մոտ են։ Երբ հրթիռահարության մասին տեղեկություններ ստացանք, անմիջապես մտանք ռմբապաստարան։ Երբ շչակը հնչում է, մենք 45 վայրկյան ունենք ռմբասպաստարան մտնելու։ Այդ ընթացքում պետք է երեխաներին առանց խուճապի այդտեղ հասցնել»,- ներկայացրել է նա։
Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը կապ մեջ է հայերի հետ, գրեթե բոլորից տեղեկություններ ունի։ Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ հայերի շրջանում տուժածներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան. ԱԳՆ
- «Համաս»-ի անդամները տեսանյութեր են հրապարակել, ինչպես են քայլում իսրայելցի զինվորների մարմինների վրայով