Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հանրապետության տարբեր ԲԿ-ներում
Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։ Հումանիտար կենտրոնում ներկայացնելով առողջապահության նախարարության վերջին տվյալներն՝ ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ հիվանդներից 106-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11–ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում, 4 պացիենտ արդեն իսկ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
Նա նաև հայտնեց, որ ժամանածների շուրջ 14 տոկոսն ամրագրվել և կցագրվել է առողջապահական առաջնային բուժհաստատություններում, ընդհանուր առմամբ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում 13 999 պացիենտ շարունակում է բուժումը:
«Առողջապահության նախարարությունը նաև 915 զանգ է ստացել թեժ գծին, որով տրվել է որոշակի խորհրդատվություն»,- ընդգծեց Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ զուգահեռ այս գործընթացին՝ տեղահանված արցախիներին բոլոր մարզերում տրամադրվում են տաք սնունդ, հագուստ, դեղամիջոցներ, ինչպես նաև կազմակերպվում է կրթության գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին