Արցախցիներին առաջիկա օրերին երկարաժամկետ ծրագրեր կառաջարկվեն․ փոխվարչապետ
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու նպատակով նախորդ շաբաթվա սկզբում հաստատվել է միանվագ դրամական օգնության ծրագիրը, որի շահառու են բոլոր տեղահանվածները: Կառավարության hումանիտար կենտրոնում այսօր հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը։
Նա նշեց, որ ծրագիրը գրեթե սահմանափակումներ չունի, հիմնական պահանջն այն է, որ դրամական աջակցությունը ցուցաբերվելու է անկանխիկ: «Ովքեր ունեն քարտային հաշիվներ, իսկ նրանք, ըստ մեր ունեցած տվյալների, գերազանցում են 50 հազարը, վերջին երկու օրերի ընթացքում մեծամասամբ արդեն ստացել են իրենց դրամական փոխանցումները: Եթե ինչ-որ մեկի հաշվին դրամական միջոցը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի այդ գումարները կնստեն իրենց հաշիվների վրա»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք չունեն բանկային քարտային հաշիվներ, պետք է առևտրային բանկերում բացեն հաշիվներ։
Անդրադառնալով բնակարանների վարձավճարի փոխհատուցմանը, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 40 000-ական դրամ (յուրաքանչյուր մարդու հաշվով՝ անկախ տարիքից) բնակարանի վարձի և կոմունալի համար նախատեսված 10 000-ական դրամները կտրամադրվեն միայն այն բռնի տեղահանվածներին, որոնք Հայաստանում չունեն բնակարան, իսկ ովքեր երկրից մեկնել են, նրանց այդ գումարները չեն հատկացնելու։
Փոխվարչապետը հայտնեց, որ տեղահանված երեխաների 40 տոկոսն արդեն գրանցված է հանրակրթական դպրոցներում։ Նա հույս հայտնեց, որ առաջիկա շաբաթներին այս ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին։
Ինչ վերաբերում է արցախցի ուսանողներին, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ մոտ 300 ուսանող բարձրագույն կրթության շարունակության անհրաժեշտություն ունի․ նրանք արդեն իսկ դիմել են համապատասխան բուհեր: «Գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին, եթե դա վճարովի ուսում է, իրենց ուսումը շարունակելու հարցում: Այդ հարցը նույնպես կկանոնակարգենք»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով զբաղվածության ծրագրերին՝ փոխվարչապետը նշեց, որ յուրաքանչյուր ընտանիք իր բարեկեցությունը կվերագտնի, իր բնականոն կյանքին կվերադառնա այն ժամանակ, երբ զբաղվածության հետ կապված հարցերը կկարգավորվեն։ Այժմ, ըստ նրա, մշակում են ծրագրեր, որոնք հնարավորության կտան բռնի տեղահանված մարդկանց ընտրել զբաղվածություն՝ ըստ իրենց մասնագիտության և նախասիրությունների:
«Մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին։ Վստահ եմ, որ այդ գործընթացը կշարունակվի»․- ընդգծեց նա։
Ըստ նրա՝ առաջիկա շաբաթներին նաև մեծ ծավալի աշխատանք են նախատեսում իրականացնել տեղահանված հայրենակիցների բնակության վայրերի ընտրության հետ կապված հարցերը հասկանալու համար։ «Երկարատև աջակցության ծրագրերը էականորեն տարբեր կլինեն նրանցից, ինչ հիմա առաջարկում ենք կարճաժամկետ խնդիրների լոուծման համար։ Եթե կարճաժամկետում ամենակարևորը կեցության, վարձակալության հետ կապված հարցերն են, ապա երկարաժամկետում այդ խնդիրներն ավելի կայուն կարգավորումների կարիք ունեն։
Այս ուղղությամբ առաջիկա շաբաթների մեր քննարկումների արդյունքում կներկայացնենք որոշակի նկատառումներ՝ օգնելու այն մարդկանց, որոնք իրենց որոշումները պետք է կայացնեն աշխատատեղերի և բնակության վայրերի ընտրության հարցում»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան