Արցախ գնացողից հող կուզեմ փնջերիս համար. Ասկա
Ասկայի փնջերի համբավն ամբողջ Արցախում էր տարածված։ Հինգ տարի սիրած գործով զբաղվող աղջիկը ստիպված էր շրջափակման օրերին վերանայել փնջերի թեմատիկան։ Հումք չկար, ուստի որոշեց՝ փնջերը պետք է արտահայտեն իրականությունը։ Կոսմետիկ միջոցներին, խմիչքներին, թեյերին, ծաղիկներին փոխարինելու եկան գլուխ սոխը, մոմերը, լուցկիները, լամպերը, սննդի կտրոնները, սպունգները...
«Մեզ մոտ տարածված կարծիք կա, որ Ճարտարի մարդիկ սոխ շատ են սիրում։ Սոխը հենց ճարտարից բերեցին, պատրաստեցի, պատվերն այնտեղ տարան»,-յուրաքանչյուր փնջի ստեղծման պատմությունը մեկ առ մեկ հիշում ու Panorama.am-ին պատմում է արցախցի Ասկան։
Սննդի կտրոններով, ամանի հեղուկով և սպունգերով, հացով փնջերը պատրաստեց սեփական նախաձեռնությամբ։
«Ութ ժամ հերթ եմ կանգնել այդ մի հացը գնելու համար։ Այդ փունջն ինձ համար բլոկադայի ու դրա ընթացքում միասնականության խորհրդանիշն է։ Մի անգամ եղել է, որ երկու հաց գնելու համար 12 ժամ անձրևի տակ հերթ եմ կանգնել, բերել եմ ու մեկը տվել ընկերուհուս, որը փոքր երեխա ունի։ Շատերն էին իրենց հացը կիսում ուրիշի հետ։ Մի անգամ գիշերը տասը տարեկան քույրիկս բացեց հացամանն ու ընենց ուրախացավ։ Մտածեցի՝ կոնֆետ է գտել։ Ասում եմ՝ Ալեքսանդրա, ի՞նչ է։ Ասում է՝ փշուր եմ գտել, կուզե՞ք, կիսեմ ձեզ հետ։ Դրանից հետո ինձ մոտ հացով փունջ սարքելու միտք առաջացավ»,-ասում է արցախցի աղջիկը։
Ստեփանակերտում պատերազմին նախորդող օրերին հացի խնդիրը շատ էր սրվել։ Ասկան ստիպված է եղել փունջը քանդել ու կտրտած հացերը նաև հարևաններին բաժանել։
Ասկայի մոտ փնջեր պավիրող մարդիկ հաճախ էին պատվերի հետևից քաղցրով գնում։ Շրջափակման օրերին շոկոլադն էլ հաց դարձավ.
«Հիշում առաջ վէր հաճախորդնես, կյալիսըն իլյալ պատվերի հետա, մին քաղցրըն իլ՛ալ պիրելիս…….
Իսկ սօր պատվիրատուս կյամա պատվերի հետա ու ցերքին մին սետկա,մեչին էլ մի հացկես անում էտ կեսը ինձ տամ, կեսը ուրան …..
-Դե տընանչում մինակ օտիմ Ասկա
Ու վեշմին քաղցր էս հացին տեղը տալ չի …»,-պատմել էր աղջիկը ֆեյսբուքյան իր էջում։
Ֆեյսբուքում արցախցիները խումբ ունեն, կոչվում է «Ինձ պետք ա էս հինչ Պենը»։
«Վերջին օրերին միայն փոխանակում էին առաջարկում։ Ես տեսնում էի, թե ինչ են մարդիկ ավելի շատ փնտրում։ Եղավ մի պահ, որ բոլորը ամանի հեղուկ էին փնտրում։ Որոշեցի հեղուկով ու սպունգներով փունջ պատրաստել»,-ասում է նա։
Ասկան Ստեփանակերտի իրենց մեծ՝ երեք հարկանի նոր վերանորոգված տանը թողել է աշխատանքային սեղանը, փնջերի համար անհրաժեշտ ողջ հումքը, թղթերը... Ստեփանակերտի փողոցներում մնացել է նրա ինքնավստահությունը։
«Վերջին բուկետը պետք է պատրաստեի Արցախի հողով։ Բայց չէի համակերպվում այդ մտքին։ Գիտակցում էի, որ սա կլինի վերջին փունջը Արցախից։ Անընդհատ հետաձգում էի՝ սպասելով մի լավ բանի, մտածում էի գուցե ասեն՝ էլ դուրս մի եկեք, Արցախը հայկական է մնում։ Չկարողացա։ Բայց հողը սրվակներով ինձ հետ բերել եմ։ Վերջին քաղած նուռն եմ բերել ու ցորենի հասկեր։ Ասեցի՝ Հայաստանում պատրաստածս առաջին փունջը դա է լինելու»,-պատմում է Ասկան։
Երևան հասնելուն պես Ասկան ֆեյսբուքյան խմբերից մեկում հետաքրքրվում է, թե որտեղից կարող է ձեռք բերել փնջերի համար անհրաժեշտ հումքը։ Արձագանքները թևեր են տվել արցախցի աղջկան, մոտիվացրել։
«Մի անծանոթ աղջիկ գրեց, որ ուզում է ինձ հետ գնումների գնալ։ Դա ինձ համար մեծ աջակցություն է։ Թևեր եմ առնում։ Արցախից Հայաստան ողջ ճանապարհին խառը մտքեր ունեի։ Մտածում էի՝ ո՞նց պետք է պատրաստեմ։ Ես Տիկտոկում շարք էի վարում, ասում էի՝ «Պրիվետիկի վսեմ», մտնում էի խանութ, մեր բարբառով ներկայացնում՝ ունենք պատվեր, էսքան գնում ենք արել, ցույց էի տալիս պատրաստման ընթացքն ու արդյունքը։ Մտածում էի՝ Հայաստանում ի՞նչ խանութ պիտի գնամ, որ ինձ ազատ զգամ։ Արցախում շատերն ինձ գիտեին... Հետևորդներն ինձ անընդհատ գրում են, ինչ էլ անես, մենակ քո բարբառով կխոսաս... Դա ինձ համար մեծ աջակցութուն է»,-ասում է նա։
Ասկան փնջերի պատվերներ Երևանում արդեն ստացել է, բայց փունջ չի պատրաստել։
«Մի տղա հարցնում է՝ չրերով փունջն իրակա՞ն է։ Ասում եմ՝ հա, ուսուցիչների տոնին գրեթե միշտ պատրաստել եմ։ Ասում է՝ ես էլ երկար ժամանակ չրերով փնջեր եմ փնտրում։ Սրանից հետո այնպիսի զգացողություն է, որ ուզում եմ՝ շուտ հագնվեմ ու գնամ գնումներ անեմ»,-ասում է աղջիկը։
Ասկայի ընտանիքը վեց անդամից է բաղկացած՝ տատը, հայրը, մայրը, երկու քույրիկները։ Երևանում նրանց բազմանդամ ընտանիքին տանիք է տվել Ասկայի ֆեյսբուքյան ընկերը՝ Սամվել Վարդանյանը։
«Շատ լավ մարդիկ են։ Սամվելի մայրն էլ Շահումյանից, լավ զգում է, թե ինչ ապրումներ ունենք։ Արցախը կորցնելուց հետո մեր ձեռքբերումը նրանց ընտանիքին հանդիպելն է։ Շատ լավ են մեզ ընդունել...»,-հուզվում է։
Եթե Արցախ գնացող լինի, ի՞նչ կուզեք, որ հայրենիքից բերեն. հարցրեցի։
«Հող։ Ես մի քանի սրվակ բերել եմ, բայց էլի քիչ է։ Մտքիս կա, որ ամեն փնջի մեջ արցախյան մի բան լինի։ Մի օր մենք էլ հաստատ Արցախ կգնանք»,-պատասխանում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան