Գալուզին. Չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը սպառել է իրեն
Երևանի ու Բաքվի միջև համակարատությանը վերջ չի դրվել։ RBC-ին տված հարցազրույցին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին։
«Այստեղ պահպանվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի արդիականությունը։ Խոսքն այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանը, «որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»։
Ինչ վերաբերում է ԼՂ-ի ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումից հետո ռուս խաղաղապահ զորախմբի հետագա ճակատագրին, Գալուզինն ասել է, որ դրա առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը մեծ դեր է խաղացել, առաջին հերթին, սեպտեմբերի 20-ին զինադադարի հասնելու և Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու գործում՝ մինչ նրանց զանգվածային դուրսբերումը Ղարաբաղից։ Մեր զինվորականներն ուղեկցել են տարհանման շարասյուներին՝ ապահովելով կարգն ու անվտանգությունը։ Ցավոք սրտի, մեր զինծառայողներից վեցը զոհվել են մարտական հերթապահության ժամանակ։ Մենք խորապես սգում ենք սա: Բացի այդ, Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են անցկացվում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր որոշվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Մեր զորախմբի առաքելությունը պահանջված է, և ես հույս ունեմ, որ հետագայում էլ այն անհրաժեշտ կլինի։
Այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ պետք է զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված խողովակներով կքննարկվի և կլուծվի այն հարցը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հայտարարել է, որ ժամանակն է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ
- Արցախում ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց երեք հենակետերը
- ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից
- ՌԴ ՊՆ պատվիրակությունը կժամանի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու ժամկետները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան