«Հայահավաք» նախագծի շրջանակներում Զավեն Վարդանյանի հիշատակին նվիրված համերգ կկազմակերպվի
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակներում դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանի հիշատակին նվիրված համերգ կկազմակերպվի։ Համերգը կկայանա հոկտեմբերի 14-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Արամ Բադալյանը (Գերմանիա)։
Ծրագրում՝ Արվո Պյարտի «Կանտուս» ի հիշատակ Բենիամին Բրիտտենի, Ֆելիքս Մենդելսոն Կոնցերտ Ռե մինոր ջութակի և լարային նվագախմբի համար,
Պ. Ի. Չայկովսկու «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» ստեղծագործությունները։
Արամ Բադալյանը բազում միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հանդես է եկել Ռուսաստանի, Բելգիայի, Ուկրաինայի և այլ երկրների նվագախմբերի հետ։ Մասնակցել է Էստոնիայի Pärnu Music Festival, Իտալիայի Palermo Classica, Ֆրանսիայի Les heures romantiques, Շվեյցարիայի Goppisberg Music Festival և այլ փառատոնների։
Զավեն Վարդանյանը 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003-2007 թվականներին Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է Կուենկայի համալսարանում և ղեկավարել երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը։
Մաեստրո Զավեն Վարդանյանը Հայաստանում կազմակերպել է բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ, հայ ունկնդրին է ներկայացրել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և այլ հեղինակների ստեղծագործություններ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:
Նախագծի շրջանակում այս տարի համերգներով Հայաստանում հանդես կգան Մարիամ Խառատյանը (դաշնամուր, Նորվեգիա), Լևոն Չիլինկիրյանը (ջութակ, ՄԲ), Վարվարա Մանուկյանը (կլավեսին, Գերմանիա)։
Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը, լիբանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը, ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը, Ազնավուրյան քույրերը (ԱՄՆ)՝ Անի Ազնավուրյանը (թավջութակ) և Մարթա Ազնավուրյանը (դաշնամուր)։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։