ԱՄՀ-ն այս տարվա համար Հայաստանում կանխատեսում է 7 տոկոս տնտեսական աճ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ, 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը (ՀՆԱ) կկազմի 7 տոկոս։ Այս մասին նշված է ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում:
Նախորդ՝ ապրիլին հրապարակված կանխատեսման համեմատ ԱՄՀ-ն բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, նախորդ զեկույցում 2023-ին Հայաստանում կանխատեսում էր 5.5 տոկոս տնտեսական աճ:
Արժույթի միջազգային հիմնադրամը 2024-ին էլ Հայաստանում կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ:
ԱՄՀ-ն, տարածաշրջանում տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումն արել է հենց Հայաստանի համար: Վրաստանի համար կանխատեսումը 2023-ին 6.2 տոկոս է, 2024-ի համար՝ 4.8 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը թե այս տարի, թե 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է ընդամենը 2.5 տոկոս տնտեսական աճ:
Իսկ 2023-ին Թուրքիայի համար կանխատեսումը 4 տոկոս է, 2024-ին՝ 3 տոկոս: Իրանում ԱՄՀ-ն 2023-ին կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ, 2024-ին՝ 2.5 տոկոս: