«Ժողովուրդ». ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է առաջին ատյանի դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է առաջին ատյանի դատարանում՝ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով:
Հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հրաչյա Սարգսյանը դիմել էր վարչական դատարան ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտում է համարվում առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Արդյունքում, վարչական դատարանը շուրջ 1 տարի քննելով գործը որոշել է մերժել նախկին քաղաքապետի ներկայիս փոխնարար Հրաչյա Սարգսյանի հայցը: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում լուրջ են տրամադրված և որոշումը բողոքարկել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ նիստերը շարունակվում են: Տեսնենք, թե ինչ կստացվի այս դեպքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում