Պատրուշևը Բաքվում Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի օրը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է «rbc.ru»-ն՝ հղում անելով ԱԽ մամուլի ծառայությանը:
«Սրտանց ողջույններ եմ փոխանցում Վլադիմիր Պուտինից»,- Ալիևին ողջունել է Պատրուշևը: Ինչին ի պատասխան՝ Ադրբեջանի ղեկավարը խնդրել է նաև ողջույններ փոխանցել և նշել, որ ինքը գնահատում է Ռուսաստանի նախագահի հետ բարեկամությունը, իսկ «երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները շարունակում են ամրապնդվել»:
Ալիևը նշել է նաև, որ 2022 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից ի վեր երկկողմ հարաբերությունները «ցույց են տվել իրական դաշնակցային բնույթը»։
ԱԽ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ «Շեշտը դրվել է տարածաշրջանային, միջազգային անվտանգության ու կայունության ապահովման և ամրապնդման հետ կապված թեմաների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ: