«Խազեր» երգչախմբի 10-ամյակին նվիրված համերգին ելույթ կունենա նաև Արցախի Գիշի գյուղից Լուսինե Դավությանը
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Խազեր» կամավորական երգչախմբի 10-ամյակին նվիրված՝ «Էս էլ մենք ենք ...10 տարեկան» խորագրով համերգը։ Համերգն ավելի վաղ էր նախատեսված, սակայն հետաձգվել է Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած և դրան հաջորդած դեպքերի պատճառով։ Այսօրվա համերգի ողջ հասույթը տրամադրվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, որոնք տեղակայվել են գյուղերում և ունեն ծածկի վերանորոգման խնդիր։
Panorama.am-ը զրուցել է «Խազեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի հետ։
Panorama.am-Երգախումբն արդեն 10 տարեկան է։ Անցած տարիներն ինչպե՞ս կգնահատեք, եղե՞լ են ծրագրեր, որոնք նախատեսել էիք, բայց ինչ-ինչ պատճառով չեք կարողացել իրագործել։
Անի Նավասարդյան-«Խազերն» արդեն տաս տարի ստեղծագործում է ու դա մի հիանալի ընթացք է։ Միշտ էլ լինում են ինչ-որ բաներ, որոնք ուզում ենք անել, բայց չենք հասցնում կամ չի հարմարվում` հիմնականում կապված երգիչների կամավորական լինելու փաստի հետ, բայց առհասարակ ափսոսալու բան չունենք։ Բացառիկ տասը տարիներ են եղել։
Panorama.am-Հոկտեմբերի 11-ի համերգը պետք է ավելի վաղ կայանար։ Ինչո՞ւ այն հետաձգվեց։ Արդյո՞ք տեղի ունեցած իրադարձությունները որոշակի փոփոխություններ մտցրեցին արդեն նախատեսված համերգի ծրագրում։ Ի՞նչ ծրագրով եք հանդես գալու այսօր։
Անի Նավասարդյան- Համերգն ի սկզբանե նվիրված է եղել խմբի 10-ամյակին, հետո որոշեցինք ծառայեցնել նաև տեղահանված արցախահայերին։ Դեպքերի հետ կապված փոխվեց նաև օրը. համերգը բարեգործական է ու պետք էր նախարարությունից թույլտվություն ստանալ դահլիճն անհատույց օգտագործելու համար։ Մեզ միացել է նաև «ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն» նախաձեռնությունը, որի ցուցահանդես վաճառքից 20 տոկոսը ևս գումարվելու է տոմսերի հասույթին։ Մենք ունենք 2 հատուկ հյուր-համերգի մասնակից` «Տիեզերք» բենդը, որի հետ նոր ստեղծագործություններ ունենք մշակած և այս համերգի ժամանակ առաջին անգամ կատարելու ենք, և Արցախի Գիշի գյուղից Լուսինե Դավությանը, ով հիանալի երգում է և ուզեցինք խորհրդանշական ելույթ ունենալ մեր համերգի ժամանակ։
Panorama.am-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
Անի Նավասարդյան-Մեր գործունեությունը հիմնականում նույնն է լինելու` համերգներ, ձայնագրություններ, ընկերական հանդիպումներ, լիքը Կոմիտաս… Բայց խմբի կարգավիճակն ենք ուզում փոխել։ Կամավորական երգչախումբն իր օրենքները, իր աշխատելու տեմպն ունի` ամիսը 1, 2 համերգից ավելի չես կարող անել։ Մարդիկ ինչքան էլ սիրեն, նվիրվեն, միևնույն է՝ իրենք կամավոր են այստեղ, իսկ Կոմիտասին նվիրված այս աշխատանքը, կարծում եմ, բավարար չէ միայն կամավորական ուժերի վրա թողնելը։ Կոմիտասը մի մարդ չէր, մի ամբողջ ինստիտուտ էր, վերածնունդ էր, ինչպես կուզեք կարող եք անվանել, երբեք շատ չի լինի։ Երգչախումբը պիտի դառնա պրոֆեսիոնալ։ Սա գերխնդիր է հիմա։ Պրոֆեսիոնալ խմբի դեպքում լրիվ ուրիշ ծավալների աշխատանք կարվի։ Սկզբի համար առաջարկում ենք գրանցվել մեր պաթրեոնին։ Եթե ունենանք մոտ 500 պաթրեոն, ովքեր ամիսն ընդամենը 5 դոլար կտրամադրեն խմբին, մենք կունենանք 12 հոգանոց մասնագիտացված խումբ։
Panorama.am- Առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայ երաժշտաարվեստը։ Ի՞նչը կուզեիք փոխել, ավելացնել, հանել։
Անի Նավասարդյան-Ընդհանրապես, ամեն ինչին ընթացքի մեջ եմ փորձում նայել։ Այսօրվա երաժշտարվեստն էլ երկրի մյուս երևույթների նման շատ արագ փոփոխությունների մեջ է։ Իմ կարծիքով, չնայած տխուր իրադարձություններին, ընդհանուր առմամբ դեպի դրականն ենք գնում, մեր ազգայինը գնալով ավելի գլուխ է բարձրացնում, մաքրվում է ինչ-որ ազդեցություններից, թարմանում է։ Իսկ ազգային ասելով ես նկատի ունեմ այն, ինչ զգում եմ իմ ներսում ու դժվար կարողանամ մի քանի բառով դա բացատրել։
Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան